Human Rights Watch-ի կոչը ՀՀ ոստիկանապետին և ՀՔԾ պետին

Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները կարծես ակտիվիստներին վախեցնելու նպատակ ունեն և պետք է արդյունավետ կերպով հետաքննվեն. այս մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նամակում` ուղղված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին:

Նամակի հեղինակը` Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլիամսոնը, կոչ է անում ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները հարձակումներն անհապաղ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննելու, հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:

«Ելնելով 5 տուժողների հետ Human Rights Watch-ի արած հարցարույցներից՝ մեզ մոտ տպավորություն է առաջանում, որ հարձակումները նպատակ ունեն համատեղ ջանքերով ահաբեկել ցուցարարներին, խոչընդոտել նրանց ազատ հավաքների և խոսքի ազատության իրավունքները, ինչպես նաև նախազգուշացնող հաղորդագրություն ուղարկել մյուս ակտիվիստներին»,- ասված է նամակում:

Human Rights Watch-ի արձանագրած հարձակումների ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ մարդիկ հարձակվել են ցուցարարների վրա այն ժամանակ, երբ վերջիններս արդեն հեռացել են ցույցի վայրից: «Հարձակումների զոհերը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: Բոլոր հինգ դեպքերում էլ ոստիկանությունը ստացել է տուժողների ցուցմունքները, իսկ մեկ դեպքում նաև տուժողին բերել է դեպքի վայր: Ցավոք, որքանով տեղյակ ենք, ոստիկանությունը հարձակվող կողմին բացահայտելու և ձերբակալելու համար լրացուցիչ քայլեր այլևս չի ձեռնարկել: Անգամ այն պարագայում, երբ տուժողներից մեկը բացահայտել էր իր վրա հարձակվողներին»,- նշված է նամակում:

Human Rights Watch-ը հույս է հայտնում, որ այս միջադեպերի հետաքննությունները կլինեն համոզիչ, թափանցիկ, կներգրավեն տուժողներին և կբացահայտեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին: Կազմակերպության նամակում կոչ է արվում ՀՀ իշխանություններին իրենց կամքը ցուցաբերել արդարության նկատմամբ և կանխել հավաքների ազատությունը խոչընդոտող ցանկացած փորձ:

Երևանում քաղաքացիական ակտիվիստների վրա կատարված վերջին հարձակումները քննադատող հայտարարություններով են հանդես եկել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը,«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:

Մեկնաբանել