Դիարբեքիրում «Համատեղ խղճի հուշարձան» է բացվել

Դիարբեքիրում (Տիգրանակերտ) սեպտեմբերի 12-ին բացվել է «Համատեղ խղճի հուշարձան» կոթողը: Ինչպես հաղորդում է Bianet-ը, հուշարձանը խորհրդանշում է Թուրքիայի հանրապետության ստեղծումից առաջ և հետո թուրքերի, քրդերի, արաբների, հայերի, կելդանիների, հրեաների, ասորիներ ապրած ցավը:

Հուշարձանի բացման օրն էլ է խորհրդանշական: «1980թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը վերոնշյալ բոլոր ժողովուրդներին ցավ է պատճառել»,- ասել է Դիարբեքիրի Սուրի շրջանի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը:

Հուշարձանի վրա քրդերեն, թուրքերեն, անգլերեն, հայերեն, եբրայերեն, արաբերեն լեզուներով գրված է. «Միավորենք ցավը, որ այլևս չկրկնվի»: Հուշարձանի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաև տիգրանակերտցի հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանը:

Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը Աբդուլլահ Դեմիրբաշինն է: Ուշագրավ է, որ 2013թ. օգոստոսին Milliyet-ը մեջբերել էր Դեմիրբաշի խոսքը, ըստ որի` հուշարձանը նվիրվելու է Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում ցեղասպանության ենթարկված հայերի, ասորիների, քրդերի, եզդիների, մուսուլմանների և հրեաների հիշատակին: