Ասադը ՄԱԿ կուղարկի քիմիական զենքի վերաբերյալ փաստաթղթերը

Սիրիան ՄԱԿ կուղարկի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ դեռևս չի հեռարձակվել։

Ասադը նշել է, որ Սիրիան իր քիմիական զենքը միջազգային վերահսկողությանն է հանձնում Ռուսաստանի նախաձեռնության արդյունքում, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքների պատճառով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու նախաձեռնությամբ, և Սիրիայի կառավարությունը համաձայնեց այդ առաջարկի հետ։ Ապստամբները, մասնավորապես՝ Սիրիայի ազատ բանակը, կտրականապես դեմ են հանդես գալիս։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։