Սերգեյ Սոբյանինը ստանձնել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը

Սեպտեմբերի 8-ին կայացած Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում 51,37% ձայներով հաղթած Սերգեյ Սոբյանինը սեպտեմբերի 12-ին պաշտոնապես ստանձնել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը` երդվելով քաղաքի Օրենքի վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: 

Հանդիսավոր արարողությանը ներկա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ընտրություններն անցել են արդար, մրցակցային պայքարում, առանց որևէ ճնշման կամ ընտրությունների արդյունքները կեղծելու փորձերի: 

«Մարդիկ տեսան, որ Մոսվայի պես մեծ քաղաքներում իշխանությունը ձևավորվում է ոչ թե ապակառուցողական ակցիաների միջոցով, այլ քաղաքակիրթ ընտրությունների ճանապարհով», – ասել է Պուտինը: 

«Պետք է եզրահումներ անենք, որ ոչ բոլոր մոսկվացիներն են բավարարված քաղաքային իշխանության աշխատանքով, և անելու շատ բան կա», – իր ելույթում ասել է Սերգեյ Սոբյանինը: 

Ընտրություններում Սոբյանինի գլխավոր մրցակից Ալեքսեյ Նավալնին համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ և բողոքարկել է դրանք` սեպտեմբերի 12-ին Մոսկվայի քաղաքային դատարան ներկայացնելով ավելի քան 950 հայց` քվեարկության ժամանակ խախտումների վերաբերյալ: