Փոխվարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակությանը` ԵՀ զարգացման և համագործակցության (DevCo) հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Մայքլ Քոհլերի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են ՏԿՆ մամուլի ծառայությունից, քննարկվել են ԵՄ Արևելյան գործընկերության ներքո իրականացվող Տարածքային զարգացման փորձնական ծրագրերի (PRDP) շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմից առաջարկված և PRDP-ում ներառված տարածքների համաչափ զարգացման բաղադրիչը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որը փորձ է արվում ընդգրկել բոլոր գործընկերների հետ իրականացվող ծրագրերում:

Փոխվարչապետն իր նկատառումները հայտնել է PRDP-ի ուղղությունների վերաբերյալ` կարևորելով խիստ նպատակային բաղադրիչի առկայությունը: «Մենք փորձելու ենք ընտրել տարածքների զարգացման տեսակետից առաջընթաց ապահովող ուղղություններ: Հուսով եմ, որ ԵՄ խորհրդատուի հետ համագործակցաբար կկարողանանք նախատեսել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան թե մասնավոր, թե հասարակական, թե տեղական ոլորտներից առավելագույն թվով շահառուներ ներգրավել»,- նշել է նա:

Ա. Գևորգյանը հյուրերի խնդրանքով տեղեկություններ է ներկայացրել ՏԻՄ ոլորտում առաջիկա բարեփոխումների մասին` ԵՄ կողմից նախատեսված միջոցների ներգրավումը կարևոր համարելով դրանց իրականացման տեսակետից:

«Մենք մտադիր ենք խորացնել ապակենտրոնացումը, ինչն առաջին հերթին մեզ է հարկավոր: Առաջիկա բարեփոխումները միտված են լինելու համայնքների կարողությունների հզորացմանը, որպեսզի վերջիններս, լուծելով ընթացիկ հարցերը, կարողանան նոր պարտավորություններ ստանձնել»,- նշել է նա:

Մեկնաբանել