Հրաչյա Հարությունյանը կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 14-ը

Մոսկվայի Տվերի դատարանը կալանքի տակ է թողել Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, որը մեղադրվում է Պոդոլսկի մոտ 2013թ. հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:

«Դատարանը սեպտեմբերի 12-ին բավարարել է քննիչի միջնորդությունը իմ պաշտպանյալի կալանքի ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը երկարացնելու վերաբերյալ»,- ասել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշաբար հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվանը, նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում`տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մինչև երեք տարով զրկմամբ:

Հրաչյա Հարությունյանը, Մարգարյանի տեղեկացմամբ, սեպտեմբերի 10-ին ընդունել էր իր մեղքը և ասել, որ անկեղծորեն զղջում է տեղի ունեցածի համար:

Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել 2013թ. հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ: Ավտոբուսի և ԿԱՄԱԶ-ի բախման արդյունքում զոհվել է 18 մարդ, ավելի քան 60-ը վնասվածքներ են ստացել:

Մեկնաբանել