ԵՄ հանձնակատարները Երևանում կբանակցեն Արևելյան գործընկերության նախարարների հետ

Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հանձնակատար Վասիլիու Անդրուլան և Եվրոպական արտաքին գործողությունների գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը կներկայացնեն Եվրոպական միությունը Արևելյան գործընկերության երրորդ ոչ-պաշտոնական երկխոսությանը, որը կկայանա ս. թ. սեպտեմբերի 13-ին՝ Երևանում:

Ինչպես հաղորդում են հաղորդում են ԵՄ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, հանդիպմանը կմասնակցեն նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ Արևելյան գործընկերության պետություններից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից; 

Հանձնակատար Ֆյուլեն և գլխավոր քարտուղարի տեղակալ Շմիդը կմասնակցեն արտգործնախարարների նիստին` ներկայացնելով ԵՄ Բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի  փոխնախագահ Քեթրին Էշթոնին: Արևելյան գործընկերության և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից բացի` Գլխավոր քարտուղարի տեղակալ Շմիդը կքննարկի արտաքին քաղաքականությանն այլ ընդհանուր հետքրքրության հարցեր՝ ներառյալ Իրանը, Սիրիան և  Եգիպտոսը:  Հանձնակատար Վասիլիուն ԵՄ նախագահող պետության՝ Լիտվայի Կրթության և գիտության նախարար Դաինուշ Պավալկու հետ կմասնակցի Կրթության նախարարների առանձին նիստին: 

Ոչ-պաշտոնական երկխոսության նիստերը կօգնեն նախապատրաստել ս.թ. նոյեմբերի 28-ից  29-ը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը: Նիստերի շրջանակներում վերահաստատվում է ԵՄ հանձնառությունը Արևելյան գործընկերության զարգացման և ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

«Ոչ-պաշտոնական երկխոսությունները գերազանց հնարավորություն են գործընկերներ պետությունների հետ քաղաքական և տնտեսական բարեփոխումների գործընթացները քննարկելու, ինչպես նաև առանձին ոլորտներում՝ տրանսպորտի, կրթության և այլն, համագործակցությունը խորացնելու նոր ուղիների բացահայտման համար: ԵՄ-ն հանձնառու է այս գործընկերության զարգացմանը՝ հիմնվելով իր գործընկեր պետությունների կողմից անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու ցանկության և հնարավորության վրա», – ասել է հանձնակատար Ֆյուլեն Երևան մեկնելու նախօրեին:

Հանձնակատար Վասիլիուն կներկայացնի Էրազմուս+՝ ԵՄ-ն նոր կրթական, ուսումնական, երիտասարդության և սպորտի ծրագրով նախատեսված հնարավորություններն Արևելյան գործընկերության այն ուսանողների համար, որոնք նպատակ ունեն իրենց գիտական աստիճանյերի մի մասը ստանալ ԵՄ համալսարաններում:  

Հանձնաժողովը նախատեսում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները ծրագրի շրջանակներում ստանան տարեկան 400 մլն եվրո մարդկանց շարժունակության հնարավորությունների և համագործակցության համար: Ներկայում Տեմպուս ծրագրով ֆինանսավորվող կարողությունների հզորացման ծրագրերին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում Էրազմուզ+ ծրագրի միջոցով:

«Գործող Տեմպուս և Էրազմուս Մունդուս ծրագրերն Արևելյան գործընկերության տարածաշրջանում իրենց մեկնարկից ի վեր մեծ հաջողություններ են գրանցել, և ես ուրախ եմ նշել, որ մենք կկարողանանք աջակցել ավելի շատ ուսանողների  Էրազմուս + ծրագրով: Որակյալ կրթությունը մեր հասարակությունների բարեկեցության և կայունության համար հիմնարար դեր են կատարում: Առանց արդյունավետ գործող կրթական համակարգերի չի կարող լինել ոչ առաջընթաց, ոչ էլ՝ զարգացում», – ասել է հանձնակատար Վասիլիուն:

Արևելյան գործընկերության պետությունների ուսանողները նաև հնարավորթյուն կունենան ստանալ համատեղ մասթեր ծրագրերի կրթաթոշակներ: