Ի. Զաքարյանի և Ա. Հովսեփյանի հարցը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում չի քննարկվել. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի սեպտեմբերի 12-ի նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարցը չի քննարկվել: Այս մասին նիստից հետո ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Հանրապետական կուսակցությունն այն մարմինը չէ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն: Հաջորդ քառօրյային նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի թեկնածուներ, որոնց կընտրի Ազգային ժողովը», – ասաց Շարմազանովը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, և ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում պետք է քննարկվեր այդ ժամկետը երկարացնելու հարցը: Սեպտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանն ընդունել է Աղվան Հովսեփյանին վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ:

Խոսելով Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին` Շարմազանովն ասաց, որ կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կմտնեն ԱԺ, և պատգամավորները կկարողանան իրենց կարծիքը հայտնել այդ հարցի վերաբերյալ:

Անդրադառնալով այս հարցի շուրջ եվրոպացի պաշտոնյաների հնչեցրած գնահատականներին` Շարմազանովն ասաց, որ դեմ է վերջնագրերով խոսելուն:

«Այս գլոբալացվող աշխարհում և Հայաստանի, և ԵՄ շահերից է բխում, որ քաղաքական երկխոսությունը շարունակական լինի», – նշեց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակը նաև անհիմն որակեց Ռուսաստանի` Հայաստանի նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարությունները` ընդգծելով, որ այդ որոշումը Հայաստանն է կատարել, քանի որ այն բխում է մեր երկրի շահերից: Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ գործադիր մարմնի բոլոր անդամները կողմ են արտահայտվել Հայաստանի` Եվրասիական միությանը միանալուն:

«Եվրոպական գործընկերների հետ բանակցությունների սկզբից մենք չենք ասել, որ դրանք լինելու են ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների»,- ասաց Շարմազանովը:

Մեկնաբանել