Մենք ենք, Սիկտիվկարն ու Ավստրիան

Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան, Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիության հետ սերտ կապեր։ Այս հարցի շուրջ կարելի է երկար վիճել։ Ինձ թվում էր, որ գոնե վերջին զարգացումները՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում, պետք է հասարակությանը ինչ-որ պատասխաններ տային։ Բայց միանշանակ է, որ հայաստանցիների մեջ իրար ծայրահեղ հակասող կարծիքներ կան, և բավականին բարդ է, եթե ոչ՝ անհնարին, այս հարցի շուրջ վեճը։ Եթե, իհարկե, չունեք ցանկություն վիճելու հանուն ձայնալարերը մարզական ֆորմայում պահելու։

Բայց այս վեճերը հերթական անգամ բացահայտում են մի շատ խորքային խնդիր, որը կապված չէ կոնկրետ այս հարցի հետ։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ հասարակական կամ պետական  օրգանները  ինքնուրույն չեն աշխատում, մեկը մյուսի աշխատանքի մեջ է խառնվում, մեկը մյուսից ապօրինի կախվածության մեջ է գտնվում և այլն։ Պատկերացրեք, որ ձեր մարմնում միզապարկն ու ուղեղը սկսեն մրցակցել, թե ով պետք է ղեկավարի սրտի աշխատանքը։ Հետևանքները դժվար է նկարագրել։ Բայց Հայաստանի օրինակով կարելի է տեսնել, թե ինչ է լինում, երբ նման խառնաշփոթային հիվանդությամբ տառապում է հասարակությունը։

Հայաստանյան հասարակությունում շուտվանից միջինասիական գաղափարային փլավ է. տնտեսությունը խառնվել է քաղաքականության հետ, արվեստը քաղաքականացվել է, անվտանգության հարցերը կապվել են որոշ տնտեսվարողների նեղ անձնական, կասեի՝ նույնիսկ ընտանեկան հարցերի հետ և այլն։ Նման իրավիճակում զարմանալի չէ, որ զուտ տնտեսական Մաքսային միության մեջ մտնելը պայմանավորվում է անվտանգության հարցերի հետ կամ Եվրամիության հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունները խառնվում են քաղաքակրթական, մշակութային խնդիրների հետ։

Մեծ քաղաքականությունում միշտ էլ տնտեսական և երկրի անվտանգության հարցերը իրար խառնված են։ Բայց Հայաստանում դա այդպես է ամենամեծ և գլոբալ հարցերից մինչև հայաթի «բուդկաների» մակարդակը։ Նախարարները զբաղվում են բարեկամների հարցերով, բարեկամները՝ նախարարների։ Եվ սա հասարակ կոռուպցիա չէ այլ սահմանների զգացման բացակայություն։ Մարդիկ պարզապես չեն նկատում, որ իրենց գործով չեն զբաղվում։ Համարվում է, որ եթե դիրք ունես, արդեն ամեն ինչով իրավունք ունես զբաղվելու։

Ամենապարզ օրինակը, նույնիսկ՝ պարզունակ, մեր պատգամավորներն են։ Օրենքն ասում է՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այս պայմանը խախտելու դեպքում պատգամավորական լիազորությունները դադարում են։

Համաձայնեք, որ օրենքում ամեն ինչ այնքան պարզ է գրված, որ նույնիսկ մի շարք պատգամավորների համար սա պետք է հասկանալի լիներ առանց հատուկ բացատրությունների։ Բայց բոլորս էլ գիտենք, որ պատգամավորներից շատերը, եթե ոչ  մեծամասնությունը, զբաղվում են բիզնեսով։ Լրագրողները, իրավապաշտպանները ժամանակ առ ժամանակ այս թեման բարձրացնում են։ Բայց ոնց բարձրանում է, այնպես էլ անմիջապես իջնում է մինչև հաջորդ անգամը։ Փաստացի, գործարար-պատգամավորը հայաստանյան քաղաքա-տնտեսական հիվանդագին սերտաճման խորհրդանիշն է։

Երբ քաղաքական և տնտեսական վերնախավերը, քաղաքական և տնտեսական գործընթացները իրար հետ խառնված են, դրանից հետո զարմանալի չէ, որ Եվրոպա, թե Ռուսաստան հարցը կարող է ամիսներ շարունակ ընթանալ բոլոր մակարդակներով այն դեպքում, երբ սկզբից գաղտնի է պահվում ԵՄ հետ պայմանագրի տեքստը, իսկ հետո էլ լրիվ ոտքի վրա որոշվում է Ռուսաստանի հետ մերձենալ։ Մենք ենք, Սիկտիվկարն ու Ավստրիան։ Մեկ էլ՝ Ասադը: Լավ չենք հասկանում, թե մեզ հետ ինչ կապ ունի, բայց ազգովի կիսվել ենք Ասադի ֆանատների և ասադատյացների, կարծես «Ռեալ»-«Բարսելոնա» եզրափակիչ խաղ լինի։

Այո, տնտեսության և քաղաքականության սերտաճումը միայն մեզ մոտ չէ, որ իրականություն է։ Սա, անկասկած, համաշխարհային խնդիր է: Սակայն Հայաստանում այն արդեն խնդիր էլ չէ, այլ ընդունված ապրելակերպ է բոլոր խավերի համար: Ով հասցնում է, օգտվում է այս ամենից, ում չի հաջողվում՝ լռում է։ (Իհարկե, սա բոլորին չի վերաբերում, սակայն դեռևս մեյնստրիմ է,- ինձ թույլ տամ օգտագործել օտարամոլ եզր): Հասարակական լռելյայն համաձայնության պես մի բան է, որը թույլ չի տալիս առողջացնել Հայաստանը։

Սամվել Մարտիրոսյան