Վրաստանը կլինի ոչ թե Եվրասիայում, այլ Եվրոպայում. Սաակաշվիլի

Բավարար է միայն ունենալ շատ աղբ, կոռուպցիա, և Եվրասիական միություն կընդունեն առանց որևէ խնդրի: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Թբիլիսիի իր նստավայրում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

«Մեկ տարի առաջ Բաթումիում Եվրոպա էր, այս տարի այնտեղ Եվրասիան է, քանի որ փողոցներում շատ աղբ  կա: Ավտոմայրուղիները մեկ տարի առաջ Եվրոպա էին, այժմ՝ Եվրասիա: Ցո՛ւյց տվեք գոնե մեկ երկիր, որը մտածում է Եվրասիական միության մասին և չի առանձնանում նման հատկանիշներով: Եվրոպա հասնելու համար շատ աշխատանք է պահանջվում, իսկ Պուտինը մեզ Եվրասիական միություն  կընդունի առանց խնդիրների՝այս աղբով և կոռուպցիայով»,- ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ իշխանությունների պատասխանատվությունը նրանում է, որ երկրի ապագայի մասին մտածեն հենց իրենք, այլ ոչ ուրիշները:

«Վրաստանը չի լինի Եվրասիայում. Վրաստանը կլինի Եվրոպայում»,- ասել է Սաակաշվիլին: