Խոշոր հրդեհ Նովգորոդի շրջանի հոգեբուժարանում

Ռուսաստանի Նովգորոդի շրջանում սեպտեմբերի 13-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 3:00-ի սահմաններում, ամբողջությամբ այրվել է «Օկսոչի» հոգեբուժական հիվանդանոցի տղամարդկանց համար նախատեսված մասնաշենքը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, զոհվել է մեկ մարդ, երեքը ստացել են ծանր վնասվածքներ: Որպես հրդեհի հիմնական պատճառ նշվում են էլեկտրալարերի անսարքությունն ու դրանց նկատմամբ անզգույշ վերաբերմունքը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` հրդեհի պահին մասնաշենքում գտնվել է 59 մարդ, այդ թվում` անձնակազմը: Ներկայում մասնաշենքից դուրս է բերվել 22 մարդ, 35-ի ճակատագիրը մնում է անհայտ:

Հատկանշական է, որ «Օկսոչի» հոգեբուժական հիվանդանոցի այս մասնաշենքը մեկ տարի անց պետք է փակվեր: Դատարանի ավելի վաղ ընդունած որոշման համաձայն` շինությունն ուներ հակահրդեհային պաշտպանվածության ցածր մակարդակ:

Ի դեպ, այս հրդեհը Ռուսաստանի հոգեբուժարանների դեպքում առաջինը չէ. 2013թ. ապրիլին մերձմոսկովյան Ռամենսկի շրջանի հոգեբուժական հիվանդանոցի հրդեհի հետևանքով զոհվել էր 38 մարդ:

Մեկնաբանել