Ուղենշող նոր ցուցանակներ` Երևանում

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են փողոցները ուղենշող նոր ցուցանակներով:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, անգլերեն և հայերեն երկլեզու ցուցանակները պատրաստված են միջազգային չափանիշներին համապատասխան և համահունչ երևանյան ձևավորման ընդհանուր ոճին: Ոլորտի մասնագետների կողմից հետիոտների հարմարավետության ապահովման տեսանկյունից նախապես ուսումնասիրվել է գրվածքի տառաչափն ու տառատեսակը, նաև ցուցանակի բարձրությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ դեռ ապրիլին փորձնական տարբերակով տեղադրված ցուցանակները քաղաքացիների կողմից լայն արձագանք գտան, ինչի արդյունքում որոշվեց շարունակել ծրագիրը:

Հետագայում նախատեսվում է ուղենշող ցուցանակներով կահավորել նաև վարչական բոլոր շրջանների փողոցները:

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման հետագա ծրագրերում կմշակվեն նաև ձևավորման տարբեր այլ տարրեր, ինչպիսիք են շենքերի համարակալման ցուցանակներն ու գովազդային վահանակների արդիականացումը:

Մեկնաբանել