Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Համագործակցության Շանհայի կազմակերպության (ՀՇԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ նիստը, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։
Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ղրղըզստանը։
Նիստի աշխատանքները բացել է Ղրղըզստանի նանախագահ Ալմազբեկ Ատամբաևը։
Ինչպես լրագրողներին սեպտեմբերի 12-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՀՇԿ անդամ երկրների ղեկավարները, կազմակերպության զարգացումից ու նրա հնարավոր ընդարձակումից բացի, քննարկելու են Սիրիայի և Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը։
Բացի այդ՝ նա ասել է, որ Աֆղանստանում տիրող իրադրության և այս երկրից միջազգային զորախմբի սպասվող դուրսբերման ֆոնին նախատեսվում է նաև ահաբեկչության, թմրասպառնալիքի և անդրսահմանային հանցագործության դեմ պայքարում համագործակցության ամրապնդման ուղիների մանրամասն քննարկում։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հատուկ ուշադրություն է ծրագրվում հատկացնել ֆինանսական հարցերին․ օրակարգում են ՀՇԿ զարգացման հիմնադրամի ստեղծման Ռուսաստանի առաջարկը և ՀՇԿ զարգացման բանկի ստեղծման Չինաստանի նախաձեռնությունը։
Գագաթաժողովի արդյունքներով ծրագրված է Բիշքեկյան հռչակագրի ստորագրումը, որում, մասնավորապես, հաստատվելու է ՀՇԿ անդամ երկրների ձգտումը՝ խորացնելու սոցիալ-տնտեսական ու մարդասիրական համապարփակ համագործակցությունը։