Միություն, որտեղ իշխանություն չի փոխվում

ԽՍՀՄ-ը ձևավորվեց Կոմկուսի գաղափարախոսության կողմնակիցների ահռելի բանակի միջոցով, Մաքսային միությունը գաղափարախոսություն չունի, սոցիալական ոչ մի դոկտրին չկա: (Photo: news.am)

Մաքսային միությունն էական խնդիրներ է առաջացնում Հայաստանի ժողովրդավարացման պատրանքի առումով: Փաստացի մինչև սեպտեմբերի 3-ը մենք կարող էինք հույսեր ունենալ, որ հնարավոր կլինի Հայաստանում իրականացնել իշխանափոխություն: Սակայն երբ նայում ես, թե վերջին անգամ երբ է իշխանությունը փոխվել Մաքսային միության երկրներում, հասկանում ես, որ դա անհնար է։

Բելառուսում Լուկաշենկոն իշխանությունը վերցրեց 1994թ. մայիսին ու այլևս չզիջեց ոչ մեկին։ Լրանում է նրա նախագահության 20 տարին։ Ղազախստանում Նուրսուլթան Նազարբաևը նախագահ է 1990թ. ապրիլի 24-ից։ Մինչ այդ էլ նա Ղազախական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր։ Մինչև այսօր մարդը այդ պետության նախագահն է, և երկրում ոչ ոք նրան չի կարող ասել թե «աչքիդ վերևն ունք կա»։ Ռուսաստանում Պուտինը իշխանության եկավ 1999թ. դեկտեմբերի 30-ին։ Առ այսօր նա երկրի փաստացի տերն է։ Ավելին, հասավ նրան, որ նախագահությունը ՌԴ-ում դարձավ 6-ամյա։ Այնպես չէ, որ Հայաստանում երբևէ իշխանություն է փոխվել, եթե չհաշվենք 1998թ. փետրվարի 3-ի պալատական իշխանափոխությունը։ Այդ ժամանակ նույնիսկ կուսակցական իշխանափոխություն տեղի չունեցավ՝ ՀՀՇ-ականները մի գիշերում դարձան Երկրապահ։ Փաստն այն է, որ քվեարկությամբ Հայաստանում իշխանություն չի փոխվել։ Նույնիսկ ամենացածր ընտրական գործընթացներում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ՀՀԿ-ն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։

Հետևաբար ինչո՞ւ է բոլոր քաղաքական ուժերին ձեռք տալիս Մաքսային միությունը։ Ձեռք է տալիս զուտ երկրի անվտանգության տեսանկյունից։ Բայց երկրի անվտանգության տեսանկյունից մենք միշտ էլ կուլ ենք տվել բոլոր ընտրակեղծարարությունները։ Սակայն սա էլ իր հերթին երկրում խթանել է արտագաղթը այնքան, որ ՌԴ նախագահը «ղժժում» է Հայաստանի իշխանությունների վրա։ Այսինքն, ինքն իր հաճախորդին, այս դեպքում Սերժ Սարգսյանին, լավ գիտի։ Գիտի, թե ինչ թվեր է այդ մարդը նկարել մարդահամարների ժամանակ և ինչու է նկարել։ Նկարել է, որպեսզի բացականերին «խցկի» իր օգտին քվեարկածների ցուցակ։ Մաքսային միությունը, գիտենք, մեզ ավելի բարոյական չի դարձնելու ընտրական գործընթացների բարելավման առումով։ Ու հենց սա էլ Սերժ Սարգսյանի համար խթան է դարձել երկիրը անհասկանալի մի միություն գլորելու համար։ Մարդը չի ուզում զիջել իշխանությունը ոչ սատրապի, ոչ իշխանաց իշխանի, ոչ մարզպանի, ոչ էլ նախագահի կարգավիճակով։ Այն, որ բոլոր ՀՀԿ-ականները մեկ գիշերում դարձան ռուսամետ, հենց այս ամբողջ տրամաբանության մեջ է։ Մաքսային միության մեջ նրանք տեսնում են իրենց հավիտենականության երախշիքը։ Նրանց հետաքրքիր չէ, որ այս ժողովուրդը լեգիտիմ իշխանության կարիք ունի, որին կարող է հանգիստ թողնել թեկուզ անիրավությունների ժամանակ։ Նրանց հետաքրքիր է, որ իշխանությունը լեգիտիմ չլինի ու խաղա երկրի անվտանգության լարերի վրա։

Հիմա ո՞վ է քննարկում փաստը, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, բոլորին հետաքրքիր է՝ Հայաստանը կնախաստորագրի՞, ավելի ճիշտ Եվրոմիությունը մեր երկրին թույլ կտա՞ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրն առանց խորը և համապարփակ առևտրի։

Տաքսիստն այսօր ասում է՝ հազիվ մի խելքը գլխին որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը։ «Մենք ռուսներից ու՞ր պիտի փախչեինք»,-ասում էր տաքսիստը, որը համառորեն հրաժարվում էր միացնել հաշվիչը։ Հարցնում եմ՝ քո ինչի՞ն է պետք Մաքսային միությունը։ Ասում է՝ որովհետև ես հիշում եմ էն երկիրը։ Նկատի ունի ԽՍՀՄ-ը։ «Ես էն երկրում լավ եմ ապրել, ռուսաստաններում ման եմ եկել»։ Այսինքն, արդեն ընկալում են, որ ԽՍՀՄ-ակերպ ինչ-որ ֆորմատի մեջ ենք մտնում, բայց մոռանում են, որ ԽՍՀՄ-ն այլ արժեքների վրա էր հիմնված, ԽՍՀՄ-ի կայսերականությունը հանրապետություններից ոչ մեկին մյուսի հանդեպ առավելություն չէր ստեղծում, ԽՍՀՄ-ի ղեկավար կարող էր լինել վրացին, որը կարող էր ուտել հենց վրացիների գլուխը։ ԽՍՀՄ-ը բուֆերներ չուներ, Հայաստանը, Ռուսաստանը և Լիտվան հավասար հնարավորությունների և իրավունքների, այսինքն, հավասար անիրավության և հնարավորությունների բացակայության երկրներ էին։ Հիմա բոլորովին այլ իրավիճակ է՝ ԽՍՀՄ-ը ձևավորվեց Կոմկուսի գաղափարախոսության կողմնակիցների ահռելի բանակի միջոցով, Մաքսային միությունը գաղափարախոսություն չունի, սոցիալական ոչ մի դոկտրին չկա, Հայաստանում այդ միության ջատագովները հիմնականում անվտանգ կյանքի խնդիր են լուծում, ԽՍՀՄ-ը պահպանեց Հայաստանը։ Մաքսային միությունն անշրջելի է դարձնում մեր երկրի դատարկումը, քանի որ գոնե սոցիալական իրավիճակի բարելավման հույսեր չկան, Ռուսաստանը շարունակում է հետաքրքրել Արևմուտքին, Հայաստանն այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Այնպես որ ԽՍՀՄ-ի վերականգնումը բացառված է հենց թեկուզ այն պատճառով, որ ռուսների թեթև ձեռքով ԽՍՀՄ-ն արդեն Հայաստանի համար ճոխություն է։ Ռուսները նույնիսկ հպարտանում են մեր երկրի սակավամարդությամբ։ ԽՍՀՄ-ը նման բան թույլ չէր տա։ Երկիրը նրանց պետք էր հենց ազգային հանրույթով։

Մեկնաբանել