Դեղերի գներն ուսումնասիրվում են. առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող կազմակերպությունների:

Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայույունից, 2013թ. հունիս-օգոստոսին կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ «Դեպակին էնտերիկ 300», «Կարդիլոպին», «Տալիտոն 12,5մգ, 6,25մգ և 25մգ», «Թիենամ» դեղերի մեծածախ գները նվազել են 3-15%-ով, իսկ «Ցերուկալ» դեղի գինը՝ 42%-ով: Նույն ժամանակահատվածում նկատվել է նաև որոշ դեղերի` «Լանտուս», «Պանատոլ», «Վերմոքս», «Պլաքվենիլ դեղահատեր 200մգ», «ՆովոՌապիդ ՖլեքսՓեն» գնի 6-10%-ով աճ: Իսկ «Ցիսպլատին-ԵԲԵՎԵ» դեղի գինն աճել է 38%-ով: Մինչդեռ այս դեղերի ներմուծման (ինվոյսային) գների էական փոփոխություն նշված ժամանակահատվածում չի նկատվել:

Առողջապահության նախարարությունում նշում են, որ ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։

Մեկնաբանել