ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը Լեռնային Ղարաբաղում է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը շնորհավորել է համանախագահ Ուորլիքին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը` հավելելով, որ գնալով այն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը` այս համատեքստում կոչ անելով համանախագահին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հարցին:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: