Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման զոհերի հիշատակին Անկարայում բացված «ամոթի թանգարանն» անդրադարձել է Գեզիի ցույցերի թեմատիկային, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Այս տարվա սեպտեմբերի 10-ին չորրորդ անգամ բացված ցուցահանդեսը ներկայացնում է Գեզիում բողոքի ակցիաների ժամանակ զոհված Էթհեմ Սարիսուլուքի և Ալի Իսմայիլ Քորքմազի անձնական իրերն ու լուսանկարները:
Բողոքի ակցիաներում զոհված մեկ այլ ցուցարարի` Աբդուլլահ Ջյոմերթի իրերը նախատեսվածի պես չեն ցուցադրվել թանգարանում, քանի որ ոստիկանությունը դրանք առգրավել էր Հաթայում ոչ պաշտոնական ցուցահանդեսում ցուցադրվելիս, գրել է Radikal-ը:
Սարիսուլուքը սպանվել է ոստիկանի գնդակից Անկարայի Գյուվեն այգում բողոքի ակցիայի ժամանակ, իսկ Քորքմազին ծեծելով սպանել են մի խումբ ոստիկաններ և քաղաքացիներ Էսքիշեհիրում` Գեզիի ցույցերի շրջանում: 22-ամյա Աբդուլլահ Ջյոմերթը մահացել է հունիսի սկզբին Սիրիայի սահմանի մոտ հակակառավարական ցույցի ժամանակ: