Գալուստ Սահակյանը հրաժարվեց Անդրիաս Ղուկասյանի հետ բանավեճից

Սեպտեմբերի 13-ին «Արցախ» ակումբում նախատեսված էր համատեղ մամուլի ասուլիս` Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, քաղաքագետ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի և Սոցիալիստական շարժման առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանի մասնակցությամբ: Գալուստ Սահակյանը սակայն հրաժարվեց բանավիճել Անդրիաս Ղուկասյանի հետ և առանձին ասուլիս տալու ցանկություն հայտնեց:

«Ես որևէ խնդիր չունեմ շոու-վիճաբանության մեջ մտնելու և այն գործիչներից եմ, որը հարգում է բոլորի տեսակետները: Ես ընդդիմադիր գործչին հակասելու խնդիր չունեմ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը` այդպես էլ չպարզաբանելով ասուլիսի ձևաչափը փոխելու իր որոշումը:

Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանն Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ իր համար անակնկալ էր բանավեճի չեղյալ հայտարարումը: Նա տեսակետ հայտնեց, որ «որոշման պատճառը, ըստ ամենայնի, ֆորսմաժորային ինչ-որ իրադրություն է եղել»:

Ասուլիսի մյուս բանախոս Ռոբերտ Ահարոնյանն ասաց, որ ինքն էլ, ընդհակառակը, Անդրիաս Ղուկասյանի հետ բանավիճելու ցանկություն ուներ, սակայն վերջինս հրաժարվել է:

ՀՀԿ փոխնախագահը լրագրողների հետ առանձին հանդիպմանը հիշեցրեց, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն անակնկալ չէր քաղաքական դաշտի համար, քանի որ մշտապես խոսվել է «և-և» քաղաքականության մասին:

«Եթե նույնիսկ էլի «և-և» ավելանա, ապա մենք էլի կմասնակցենք` Հայաստանի շահերից բխելու դեպքում: Այստեղ սենսացիաներ չկան: Նախագահ Սերժ Սարգսյանը գործել է Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունների շրջանակում, հետո էլ` ԱԺ-ն իր լիազորությունների շրջանակում կգործի»,- ասաց Գալուստ Սահակյանը` նշելով, որ ընդդիմադիր գործիչների հայտարարություններն այս կապակցությամբ բխում են ընդդիմության մեջ եղած «կոտրտվածությունից»:

Անդրիաս Ղուկասյանն էլ հրաժարվեց ասուլիսից և ընթերցեց միայն Ֆեյսբուքի իր էջում սեպտեմբերի 13-ին տեղադրված հայտարարությունը` «Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու, Ռուսաստանի կողմից այս առումով գործադրված ճնշումների և ՀՀ իշխանությունների կողմից ակտիվիստների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին»:

Ռոբերտ Ահարոնյանը, իր հերթին, նշեց, որ ինքը կողմնակից է Մաքսային միությանն անդամակցությանը, և իր կարծիքով` կողմնակից է նաև ՀՀ բնակչության 90%-ը:

«Եթե ժողովուրդը չողջուներ այդ քայլը, ապա այս օրերին Բաղրամյան 26-ում կլիներ ոչ թե 15 հոգի, այլ ավելի հոծ բազմություն»,- ասաց նա` հավելելով, որ այդ 15 հոգին «կեղծ ընդդիմություն է, որը ղեկավարում է Անդրիաս Ղուկասյանը»:

Մեկնաբանել