2013թ. Հականոբելյան մրցանակները` Լուկաշենկոյին և կոյաբզեզների հետազոտողներին

ԱՄՆ-ում 23-րդ անգամ շնորհել են Հականոբելյան մրցանակները (Ig Nobel Prize), որոնց ամեն տարի արժանանում են ամենաարտասովոր գաղափարների և աբսուրդ գիտական հետազոտությունների հեղինակները: Մրցանակաբաշխությունն ըստ ավանդույթի անցել է Բոստոն քաղաքի Հարվարդի համալսարանում, հաղորդում է Guardian-ը:

Այս տարի մրցանակների են արժանացել կոյաբզեզների` աստղերով կողմնորոշման բացահայտումը, ինքնաթիռներն ավտոմատ որսալու մեթոդների հայտնագործությունը, Լուսնի վրա ջրով քայլելու հնարավորության հետազոտությունն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքական գործողությունները:

Մրցանակակիրները որպես նվեր են ստացել տուփի մեջ` ապակու տակ դրած մուրճ, թուղթ, որի վրա Նոբելյան դափնեկրի ձեռքով գրված է IgNobel 2013, ինչպես նաև 10 տրլն իսկական զիմբաբվեական դոլար` մեկ թղթադրամով: Մրցանակները, ըստ ավանդույթի, շնորհել են Նոբելյան մրցանակակիրները:

2013թ. Հականոբելը շնորհվել է 10 անվանակարգում: Այսպես` բժշկության բնագավառում մրցանակի են արժանացել ճապոնացի և չինացի գիտնականները, որոնք հետազոտել են օպերայի ազդեցությունը սրտի փոխպատվաստում տարած մկների վրա: Մրցանակներ են բաժանվել նաև հոգեբանության, անվտանգության և ինժեներիայի, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության ոլորտներում:

Խաղաղության Հականոբելը ստացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն`«հանրային ծափահարությունների արգելման և այն բանի համար, որ բելառուսական ոստիկանությունը ծափահարությունների համար ձերբակալել էր մեկ ձեռք ունեցող մարդու»: Աբսուրդ այս միջադեպը տեղի է ունեցել 2011թ.: Այն ժամանակ իշխանությունների քաղաքականությունից դժգոհ մարդիկ ի նշան բողոքի ծափահարում էին` այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը: Ակցիաների արդյունքում ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ: Ձերբակալվածների շարքում էր նաև Կոնստանտին Կապլինը, որը չնայած մեկ ձեռք ունենալու հանգամանքին` ծափահարելու համար կանգնել է դատարանի առաջ: