ՊԵԿ-ն ու ֆիննախը թվերի տարբեր ընկալում ունեն

Կառավարությունը սեպտեմբերի 13-ի նիստին 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը ներկայացնում էր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը (կենտրոնում)։

Կառավարությունը սեպտեմբերի 13-ի նիստին ի գիտություն է ընդունել ֆինանսների նախարարության ներկայացրած 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: Ըստ փաստաթղթի՝ բյուջեի ծախսային մասը կկազմի Դ1,272 տրլն, եկամտային մասը՝ Դ1,145 տրլն։ Պետբյուջեի եկամուտներն այս տարվա համեմատ կաճեն 10,8%-ով կամ Դ112 մլրդ-ով, ծախսերը՝ 10,4%-ով կամ Դ120 մլրդ-ով։

Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ սեպտեմբերի 17-ից վարչապետի մոտ կմեկնարկեն 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը կառավարության նիստին ասաց, որ ՊԵԿ-ը նույնպես ունի բյուջեի հարկային մուտքերի նախնական գնահատականներ, որոնք էապես տարբերվում են ֆինանսների նախարարության նշած ցուցանիշներից։ Միրումյանը խնդրեց, որ կազմակերպվեն ցուցանիշների համադրման և գնահատման քննարկումներ։ Դիտարկմանը ի պատասխան կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ 2014թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշները վերցված են «ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրից»։ Ի դեպ, ըստ այս ծրագրի՝ հարկային եկամուտները 2014թ. պետք է ավելանան Դ107 մլրդ-ով կամ 10,8%-ով՝ կազմելով 1,1 տրլն։