ԵՄ-ն ևս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ. Հելգա Շմիդտ

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր անցած ճանապարհին` նշվել է, որ այս տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը ձևավորվել է որպես փոխգործակցության գործուն ձևաչափ և անդամ երկրներում բարեփոխումների խթանման գործիք։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր ուղղություններով և Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման անցկացումը դրա վկայությունն է։

Հելգա Շմիդտը ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնները փոխանցելով՝ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար Հայաստանի արտգործնախարարին, և նշել, որ ԵՄ-ն ևս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների վերաբերյալ:

Մեկնաբանել