Մերկելի մրցակիցը լրագրողների հարցին միջնամատով է պատասխանել

Գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականն իր ուրբաթօրյա հավելվածի շապիկին տեղադրել է լուսանկար, որում Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու, սոցիալ-դեմոկրատ Պեեր Շտայնբրյուկը միջնամատ է ցույց տալիս։ Այդ ժեստով, որն ամբողջ աշխարհում վիրավորական է համարվում, քաղաքական գործիչը պատասխանել է լրագրողների տհաճ հարցին «առանց բառերի հարցազրույցի» շրջանակում։

Շտայնբրյուկը, որը հույս ունի Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների արդյունքում փոխարինել Անգելա Մերկելին կանցլերի պաշտոնում, մասնակցել է Sueddeutsche Zeitung-ի «Այժմ ոչինչ մի ասեք» ֆոտոնախագծին։ Նախագծի էությունն այն է, որ հարցազրույցի հերոսին տրվում է մի քանի հարց, տվյալ դեպքում՝ յոթ, և նա կարող է պատասխան տալ միայն դիմախաղի և ժեստերի օգնությամբ։ Լուսանկարիչը ֆիքսում է զրուցակցի արձագանքը, և հարցազրույցը լույս է տեսնում «հարց-լուսանկար» ձևաչափով։

Հարցերը, որ Շտայնբրյուկին տվել են լրագրողները, վերաբերել են տարբեր թեմաների։ Այսպես, լրագրողները հարցրել են՝ արդյոք քաղաքական գործիչն իրեն համարում է մեղավոր իր կուսակցության ցածր վարկանիշի համար։ Որոշ հարցեր քաղաքականության հետ կապ չեն ունեցել։ Լրագրողներին հետաքրքրել է Շտայնբրյուկի ընտանեկան երջանկության գաղտնիքը, ինչպես նաև այն՝ արդյոք նա վերնաշապիկի տակից շապիկ կրում է, թե ոչ։

Գլխավոր է դարձել քաղաքական գործչին իր ընդդիմախոսների ու լրագրողների տված վիրավորական մականունների վերաբերյալ հարցը։ Հենց այս հարցի ֆոտոպատասխանն էլ տեղադրվել է շապիկին։ «Պեեր-անհաջողություն, Պեեր-խնդիր, Պեերլուսկոնի՝ այս սիրալիր մականունների մասին Դուք չպե՞տք է անհանգստանանք, թե՞» հարցին Շտայնբրյուկն արձագանքել է հեգնական ծամածռությամբ և ձախ ձեռքով միջնամատ է ցույց տվել։

Քաղաքական գործչի մամլո քարտուղար Ռոլֆ Կլյայնեն ավելի ուշ պարբերականին ասել է, որ իր ղեկավարը հարցին «փոքր-ինչ ինքնաբուխ» է արձագանքել, և փորձել է կանխել լուսանկարի հրապարակումը։ Սակայն ինքը՝ Շտայնբրյուկը, հավանություն է տվել այդ լուսանկարի տեղադրմանը, նշում է Sueddeutsche Zeitung-ը։