Հնարավոր չէ ստորագրել Ասոցացման համաձայնագրի մի մասը միայն. Շտեֆան Ֆյուլե

Հայաստանը Եվրամիության հետ չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերին կայանալիք վիլնյուսյան գագաթաժողովում. սեպտեմբերի 13-ին Երևանում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` հավելելով, որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է, և հնարավոր է չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

«Երկու մասեր կան մեկ համաձայնագրում, որոնք բանակցվել են հայ գործընկերների հետ ամբողջության մեջ: Եվ հստակ կապեր , առնչություններ կան երկու մասերի միջև, և հնարավոր չէ մեկը մյուսի հաշվին առանձնացնել ամբողջից»,– ասաց հանձնակատարը:

Նա նշեց, որ ԵՄ-ն մտադիր է ստորագրել Ասոցացման պայմանագիրը Ուկրաինայի հետ և նախաստորագրել այն Վրաստանի ու Մոլդովայի հետ:

«Ես Հայաստան եմ եկել լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնություններն ու նախընտրությունները, և եթե նրանք ցանկացան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի, քան Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակում»,– հայտարարեց Շտեֆան Ֆյուլեն: