Անչափահասը գնել է Wikileaks սերվերը $33 հազ-ով

WikiLeaks կազմակերպության տվյալների պահպանման սերվերն աճուրդի էր հանվել eBay օնլայն խանութում նախկին սեփականատիրոջ՝ Bahnhof շվեդական ընկերության  կողմից, հաղորդում է Wired-ը:

Սերվերը գնվել է $33 հազ-ով, իսկ գնորդի մասին հայտնի էր միայն այն, որ նա գտնվում է Շվեդիայի տարածքից դուրս:

2013թ․ սեպտեմբերի 13-ին Bahnhof-ի գլխավոր տնօրեն Ջոն Կարլունգը լրագրողներին պատմել է, որ իր հետ կապ է հաստատել գնորդի հայրը: Պարզվել է, որ գնումն իրականացրել է 17-ամյա մի անչափահաս, որը սերվերի արժեքի վճարման համար օգտագործել է ծնողի կրեդիտ քարտը:

Կարլունգը համաձայնվել է չեղյալ համարել գործարքը և սերվերը վաճառել աճուրդի նախավերջին մասնակցին, որը վերջինիս համար առաջարկել էր $32,9 հազ:

Վերոնշյալ աճուրդը շարունակվել է տասը օր, որի ժամանակ եղել է 93 գնային առաջարկ: Հատկանշական է, որ Bahnhof-ը ոչնչացրել է բոլոր տվյալները, որոնք եղել են WikiLeaks սերվերում և վաճառել է այն որպես արվեստի նմուշ: Վաճառքի արդյունքում ստացված գումարն ընկերությունը պատրաստվում է հատկացնել բարեգործությանը: