Էդուարդո Էռնեկյանը` Ազգային բարի կամքի դեսպան

Հայաստանի կայուն զարգացման աջակցման գործում ունեցած մեծ դերի համար ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակը հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին սեպտեմբերի 13-ին նշանակեց Ազգային բարի կամքի դեսպան։

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի համար պատիվ է նշանակել պարոն Էռնեկյանին Ազգային բարի կամքի դեսպան։ Մենք ունենք հաջողված գործընկերության փորձ Էդուրադո Էռնեկյանի և «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն և համոզված ենք, որ պարոն Էռնեկյանը կօգտագործի իր ընդարձակ կապերը և կշարունակի մոբիլիզացնել Սփյուռքի ջանքերը Հայաստանում աղքատության դեմ պայքարելու և Հայաստանի քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար»,- ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան, որը Էռնեկյանին հանձնեց Ազգային բարի կամքի դեսպանի կոչումը վկայող փաստաթուղթը։

Էդուրադո Էռնեկյանը շնորհակալություն հայտնեց իր գործը բարձր գնահատելու և նման կոչման արժանացնելու համար։

«Ուրախ եմ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի աշխատանքներում ներգրավվելու և Հայաստանում մի շարք խնդիրների լուծմանը նպաստել կարողանալու համար։ Կփորձեմ օգտագործել իմ դիրքը՝ օժանդակելու ժողովրդավարական բարեփոխումներին և շրջակա միջավայրի կայուն կառավարմանը»,- ասաց գործարարը։

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932թ. դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում` հայ գաղթականների ընտանիքում։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում: Էռնեկյանի ամենահայտնի ձեռնարկություններն են Aeropuertos Argentina 2000 և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունները: Գործարարին են նաև պատկանում America TV հեռուստացանցը, 4 ռադիոկայան և El Cronista ֆինանսական ամսագիրը։

Էդուարդո Էռնեկյանը ամենախոշոր օտարերկրյա ներդրողն է Հայաստանում: Արժանացել է բազմաթիվ պարգևների: 1995-ին ճանաչվել է Արգենտինայի տարվա ձեռնարկատեր: Արժանացել է բազում մրցանակների:

Վերջին 5 տարիներին հայտնի գործարարը բազմամիլիոնանոց ներդրումներ է կատարել Հայաստանում և Արցախում: Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: «Տիեռասե դե Արմենիա» ընկերությունը Հայաստանում 2004թ. նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ: