ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նոր հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ջոն Քերին հայտարարել է, որ Ժնևում սեպտեմբերի 12-ին մեկնարկած բանակցությունները սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու հարցի շուրջ, «կառուցողական» են, և որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Սիրիայի հարցով խաղաղ համաժողովի նախապատրաստումը։
«Մենք պայմանավորվել ենք․․․ կրկին հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում՝ մոտավորապես ամսի 28-ին, որպեսզի հնարավորության դեպքում հաստատենք համաժողովի ամսաթիվը, որը մեծ հաշվով կախված է նրանից՝ կկարողանանք արդյոք հասնել հաջողության այստեղ»,- ասել է Քերին։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն իրենց աշխատանքային օրը Ժնևում սկսել են ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում խաղաղության հաստատման ավելի ընդգրկուն խնդիրը։
Քերին ու Լավրովը շարունակում են բանակցությունները՝ փորձելով ընդհանուր լեզու գտնել Սիրիայի քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանելու հարցում։ Ինչպես հաղորդում են Ժնևում BBC-ի թղթակիցները, բանակցությունները հնարավոր է` շարունակվեն ամբողջ հանգստյան օրերին։
Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հայտարարել էին, որ հույս ունեն խուսափել Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի դեմ ուղղված ռազմական գործողությունների սպառնալիքից։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ժնև բանակցություններին ուղարկել են մեծ պատվիրակություններ, ներառյալ՝ սպառազինությունների գծով փորձագետների։
Հաղորդվում է, որ բանակցություններն իրականցվում են երկու հարթությունում՝ դիվանագիտական՝ քաղաքական գործիչների և դիվանագետների մասնակցությամբ, և փորձագիտական, որի շրջանակում մասնագետները քննարկում են հստակ մանրամասներ, թե սիրիական քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողության սահմանման Մոսկվայի ծրագիրը կոնկրետ ինչպես է կյանքի կոչվելու։