$2,2 մլն ԱՄՆ-ից` ՀՀ դատաիրավական ոլորտին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից սեպտեմբերի 13-ին ստորագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 15-րդ փոփոխությունը:

Ինչպես հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից, համաձայն նամակ-համաձայնագրի` սույն 15-րդ փոփոխության՝ մոտ $2,2 մլն-ի լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:

Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորումը կծառայի ՀՀ կառավարությանը՝ առավել արդյունավետ կերպով պայքարելու անդրազգային հանցանքների դեմ, զարգացնելու Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունները, ինչպես նաև աջակցելու դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ամբողջ գործընթացին:

Հայաստանում գործող կազմակերպությունները և իրականացվող երկկողմանի ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների նախաձեռնության, «Փի-Էյչ ինթերնեշնլ» ՀԿ-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի (ԻՍՀԳԿ), ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական կենտրոնի զարգացման ծրագրերը: Այս աջակցությունը նաև կնպաստի Հայաստանում փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի դեմ ուղղված կարողությունների, ինչպես նաև նոր քրեակատարողական համակարգի զարգացմանը:

2001թ. հունիսի 11-ին սկզբնական համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան $20 մլն:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին և ընդհանրապես դեսպանատանը՝ Հայաստանի դատաիրավական համակարգին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դրամաշնորհները միշտ եղել են նպատակային՝ ուղղվելով կոնկրետ ծրագրերի իրականացմանը։ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին բարձր է գնահատել վերջին 10-12 տարիների համագործակցությունը՝ բնորոշելով այն խորը և բազմածավալ։ Դեսպանի գնահատմամբ` համագործակցության արդյունքում գրանցվել է առաջընթաց, մասնավորապես անդրազգային հանցավորության, հատկապես թրաֆիքինգի դեմ պայքարում՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։

Ի դեպ` սեպտեմբերի 13-ը գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջին օրն էր: