Վանաձորում բացվել է ոստիկանության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքը

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Լոռու մարզ է մեկնել ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության պետը մասնակցել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը:

Բացման արարողությունը կատարել են բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները:

Հատկանշական է, որ հատուկ գումարտակի պարեկախմբերն այսուհետ ծառայություն են իրականացնելու նաև Վանաձորում:

Հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցում էին Լոռու մարզի մյուս իրավապահ կառույցների ղեկավարները, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, Վլադիմիր Գասպարյանը շրջել է նորոգված շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:

Այնուհետև ոստիկանության պետը պատասխանել է մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:

Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելել է նաև ոստիկանության Տարոնի բաժին, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ծառայության պայմաններին:

Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրեց Լոռու մարզի ոստիկանության անձնակազմի հետ: