Նախագահը հանդիպել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում ժամանած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 13-ին, ընդունել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդին, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանին, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին, Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլիին, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին։

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման մասնակիցները նախագահին իրենց տպավորություններն են ներկայացրել Երևանում ոչ պաշտոնական ձևաչափով կայացած իրենց հանդիպումների, անկաշկանդ ու բաց երկխոսության արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:

Նրանք ընդգծել են, որ Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ երևանյան այս քննարկումներն անչափ կարևոր ու անհրաժեշտ էին մասնակից բոլոր կողմերի համար: Օրակարգային բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում միմյանց հետ համագործակցությունը լավագույնս զարգացնելու հնարավորությունների շուրջ, նրանց հավաստմամբ, բավականին արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Արևելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրն ունենալով իր առանձնահատկությունները, միաժամանակ բազմաթիվ ընդհանրություններ ունի անդամ մյուս երկրների հետ, որոնց վրա հաջողությամբ կարող է զարգացնել հետագա փոխգործակցությունը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկություն ունի մնալ Արևելյան գործընկերության երկրների շարքում և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով շարունակել ամրապնդել հարաբերություններն այդ երկրների հետ:

Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցների և Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում Հայաստանում գտնվող գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների հետ այնուհետև պաշտոնական ընթրիք է ունեցել նախագահական նստավայրում: