ՄԱԿ-ը $50 մլն է հատկացրել սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար

ՄԱԿ-ը մարդասիրական կազմակերպություններին $50 մլն է հատկացրել սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով պաշտոնական հայտարարությանը:

Հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը նշել է, որ Կենտրոնական հիմնադրամի միջոցներից $20 մլն-ը արտահերթ հակազդման կազմակերպությունները նախատեսել են հատկացնել Սիրիայի տարածքում իրականացվող մարդասիրական ակցիաներին աջակցելու համար: Հատկացված գումարից $15 մլն-ը կօգտագործվի Լիբանանում, $10 մլն-ը Իրաքի և ևս $5 մլն-ը Հորդանանի տարածքում գտնվող փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով:  
Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է նվազագույնը 93 հազ․ մարդ, ավելի քան 4,2 մլն-ը Սիրիայի տարածքում դարձել են փախստական և 2 մլն-ը փախել են հարևան երկրներ: