Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը պատրաստ է

ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը, որի հրապարակումը ակնկալվում է մոտ օրերին, «լիովին» կհաստատի Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Սակայն նա չի բացահայտել, թե ՄԱԿ-ի ներկայացուցիչները ում են պատասխանատու համարում օգոստոսի 21-ին Դամասկոսի արևելյան Ղուտա արվարձանում քիմիական զենքի կիրառման համար:

Միաժամանակ, Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» կատարել:

Այս ընթացքում Ժնևում շարունակվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները՝ սիրական քիմական զենքը միջազգային հսկողության տակ դնելու մեխանիզմ մշակելու նպատակով:

Հիշեցնենք, որ Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին սիրիական զորքերի կողմից Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի մասշտաբային կիրառման մասին: Տեղեկատվությունը չհաստատվեց, սակայն սկիզբ դրեց Արևմուտքի կողմից ռազմական միջամտության վերաբերյալ բաց խոսակցություններին: