«Ալ Կաիդան» հայտարարել է Սիրիական ազատ բանակի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին

Սիրիայում գործող և «Ալ Կաիդայի» «Սիրիայում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է իր նախկին դաշնակիցների՝ Սիրիական ազատ բանակի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին, հաղորդում է արաբական «Ալ Վատան ալ Արաբի» թերթը:

Սա Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո առաջին բաց առճակատումն է նախկին դաշնակիցների՝ կրոնական ծայրահեղական կազմակերպությունների զինյալների և «չափավոր» Սիրիական ազատ բանակի միջև: Ինչպես նշվում է խմբավորման հայտարարության մեջ, «Իսլամական պետությունը» մտադիր է պատժիչ գործողություններ իրականացնել Սիրիական ազատ բանակի դեմ Հալեպի արևելյան արվարձանում: 

Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է նվազագույնը 93 հազ․ մարդ, ավելի քան 4,2 մլն-ը Սիրիայի տարածքում դարձել են փախստական և 2 մլն-ը փախել են հարևան երկրներ: