Միշտ չէ, որ պապը փլավ է ուտում

Պարզվում է, որ բոլորը անթաքույց, սրտի խորքում երազել են Մաքսային միության մասին, բայց լռում էին: (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)

Երբ ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին վստահեցնում է, թե մենք ԵՄ-ի հետ ստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը, ես նրան հասկանում եմ: Հովիկ Աբրահամյանը պատահական մարդ չէ: Նա շատ լավ գիտի երկրի ներսում կատարվող ողջ անցուդարձը: Նա հրաշալի տիրապետում է Միկոյանի` «անձրևի կաթիլների միջով չոր քայլելու» տեխնիկային: Եվ հենց դա է պատճառը, որ շեշտում է, թե եթե Եվրոպան չի ուզում, դա դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը, որ մենք ենք ուզում: Հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանի  «մենք»-ում ինքը չկա, բայց ինքն ամեն ինչ անում է, որ այդ նույն «մենք»-ում իր տեղն ամրագրի: Անկասկած` դա նրա մոտ հերթական անգամ  շատ լավ ստացվելու է:

Այս համատեքստում ինձ շատ զարմացնում են մնացած պաշտոնյաները, որոնք իրար հերթ չտալով՝ գովաբանում են շատերի համար  դեռևս անհասկանալի Մաքսային միությանը միանալը: Միայն այն, որ դրա նախաձեռնողը պաշտոնական Մոսկվան է, չի կարող գովաբանման առարկա դառնալ, հատկապես, երբ մենք արդեն մեկ անգամ տարածքների կորստով  վայելել ենք այս տարածաշրջանում առաջացած միության «քսղցրությունը»: Սա չի նշանակում, որ ինքս միանշանակ ԵՄ-ի կողմնակիցն եմ և մերժում եմ այլընտրանքը: Չնայած այս դեպքում ի՞նչ այլընտրանքի մասին է խոսքը, երբ երկու կողմից էլ բանակցությունների սեղանին նորից դրված է  հայրենիքի մի հատվածի անվտանգության հարցը: Բայց սա չէ, որ ուզում եմ ասել, այլ այն, որ մեր պաշտոնյաները, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի ճկունության, ինչպես միշտ տրամաբանում են կացնային տարբերակով:

Գիտե՞ք՝ ինչն է ցավալի: Երբ դեռ խոսք չկար Մաքսային միության մասին, բոլոր պաշտոնյաները, անխտիր՝ բոլորը, գովաբանում էին ԵՄ-ն և ինչպես ասում են՝ без пяти минут արդեն եվրոպացի էին իրենց պատկերացնում: Եվ հանկարծ, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, մեկ գիշերվա մեջ բոլորը դարձան Մաքսային միության ջատագով: Սա շատ նման է, երբ ժամանակին խորհրդարանում մեկ գիշերվա մեջ շատ ՀՀՇ-ականներ դարձան երկրապահ, և ծանրության նժարը փոխվեց: Հիմա պարզվում է, որ բոլորը անթաքույց, սրտի խորքում երազել են Մաքսային միության մասին, բայց լռում էին: Ում հարցնում ես, ասում է՝ «Բա ո~նց, էդ այլասերված Եվրոպան մեր ինչին է պետք»: Ա՛յ մարդ, մի քիչ զգույշ արտահայտվեք, բա՞ որ հանկարծ ու պարզվի, որ Մաքսային միությունը չի ստացվում, և նորից բռնում ենք ԵՄ-ի պոչը , ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք արդարանալու ձեր ասածների համար: Այնպիսի տպավորություն է, որ էլ ոչ մի նախարար կամ նախարարի ընտանիքի անդամ Եվրոպա առևտրի չի գնալու: Բոլորը՝ մեկ մարդու նման, նախընտրում են Մաքսային միությունը:

Իսկ միգուցե բոլորը նաև  երազում են Ալթայի երկրամասում ապրելու մասի՞ն…

Արագ, առանց ծանրութեթև անելու արտահայտվելը, հրապարակային հայտարարություն անելը  վտանգավոր  է, հատկապես մեր կարգի երկրներում: Մի օր, երբ ստիպված կլինեք պատասխան տալ ասծների համար,  ուշ կլինի , և ոչ ոք չի կարող փրկել իրավիճակը: Հավատացե՛ք, միշտ չէ , որ պապը փլավ է ուտում:  Գոնե Հովիկ Աբրահամյանից օրինակ վերցրեք:

 

Պարզվում է, որ բոլորը անթաքույց, սրտի խորքում երազել են Մաքսային միության մասին, բայց լռում էին