Սիրիայի քիմիական զենքը կոչնչացվի մինչև 2014թ. կեսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայացած բանակցություններից հետո ներկայացրել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողության հանձնելու գործողությունների ծրագիրը, հաղորդում է BBC-ն:

Քերին նշել է, որ սահմանվել է քիմիական զենքի մոտավոր քանակությունը: Ըստ նրա՝ Ռուսաստանը համաձայնվել է ԱՄՆ-ի այն տեղեկությանը, որ Սիրիայում շուրջ 45 օբյեկտներում պահվում է մոտ 1.հազ. տոննա քիմիական զենք, այդ թվում՝ զարին։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Սիրիան պետք է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնի քիմիական զենքերի ամբողջ ցանկը և մատչում տրամադրի տեսուչներին մինչև նոյեմբեր ամիսը: Նա ընդգծել է, որ Սիրիան պարտավոր է գոյություն ունեցող բոլոր օբյեկտներում ամբողջական և անսահմանափակ մատչում տրամադրել միջազգային խմբերին:

Ծրագրվում է, որ Սիրիայի քիմիական զենքը կոչնչացվի մինչև 2014թ. կեսը:

Հատկանշական է, որ Սիրիայի ընդդիմության գերագույն ռազմական խորհրդի գեներալ Սալիմ Իդրիսը մերժել է սիրիական քիմիական զենքը միջազգային հսկողության փոխանցելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը:

Թուրքիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին գեներալը հայտարարել է, որ համաձայնագիրը հակամարտության լուծում չի դառնա: Նա նաև նշել է, որ ընդդիմությունը կշարունակի իր պայքարը: