Է. Նալբանդյանը և ԵՄ հանձնակատարը քննարկել են կրթության, մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ԵՄ կրթության, մշակույթի, բազմալեզվականության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուին։
Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվել են երիտասարդության միջև շփումները, որին մեծապես կարող են նպաստել ռեադմիսիայի և մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի շուտափույթ ուժի մեջ մտնելը։ 
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը կրթության և մշակութային ոլորտներում սերտ կապեր է հաստատել եվրոպական երկրների հետ, իսկ այս բնագավառներում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը լուրջ հնարավորություն են ընձեռում կրթական ստանդարտների մոտարկման, մշակութային երկխոսության և ուսանողական ու երիտասաարդական փոխանակումների համար։ 
Հանձնակատար Վասիլիուն ասել է, որ ԵՄ-ն նախատեսում է էլ ավելի սերտացնել վերոհիշյալ բնգավառներում համագործակցությունը Արևելյան գործընկերների հետ: