Փոքրամասնությունները՝ Իրաքյան Քուրդիստանի լեգիտիմության աղբյուր

«Պատմությունը ծանրակշիռ դեր ունի այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին Քուրդիստանն է կամ ամբողջ Մերձավոր Արևելքը։ Այստեղ չափազանց բարդ է կառուցել «համընդհանուր քաղաքացիություն»՝ անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից»,- ասում է Ալան Քավալը։ (Լուսանկարը՝ տեսանյութից)

Ֆրանսիացի լրագրող Ալան Քավալը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում պատմում է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների՝ փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության մասին, որը, ինչպես նա է նշում, միտված է Ինքնավարության միջազգային լեգիտիմության ամրապնդմանը։

– Ֆրանսիայից իմ հյուրն է քաղաքագետ Ալան Քավալը։ Նա լրագրող է, գրում է ֆրանսիական Les clés du Moyen-Orient կայքի համար։ Ալանի հետ կխոսենք Իրաքյան Քուրդիստանի և այն մասին, թե ինչպիսի փոփոխություններ է այստեղ կրել կառավարման համակարգն ու տնտեսությունը։

– 2004 թվականից Քուրդիստանը հայտնի է իր զարգացող տնտեսությամբ՝ հիմնված նավթից ու գազից ստացված եկամուտների վրա։ Իրաքի մաս կազմող այս ինքնավարության կառավարությունը տնտեսական զարգացման ուղղությամբ քաղաքական մեծ կամք է դրսևորում։ Նրանք համագործակցության հնարավորություն են փնտրում են բոլոր տարածաշրջաններում, փորձում ներգրավել գործարարների, ներդրողների։ Կարծում եմ՝ կան հնարավորություններ վրացիների, հայերի, և ընդհանրապես՝ Քուրդիստանին հարակից բոլոր տարածաշրջանների համար՝ այստեղ հիմնվելու, բիզնես հիմնադրելու համար։

– Ինչպե՞ս է սրան վերաբերվում Բաղդադը։

– Բաղդադը Էրբիլից հեռու է: Ես կասեի՝ Էրբիլն ավելի մոտ է Ստամբուլին, Անկարային կամ Թբիլիսիին, քան՝ Բաղդադը։ Քուրդիստանը զարգացել է իր միջոցներով և հիմա հայացքն ավելի շատ ուղղել է դեպի արևմուտք և հյուսիս, քան՝ հարավ։

– Ո՞րն է հիմնական շարժառիթը՝ փոքրամասնություններին ներգրավելու առումով։ Եվ ընդհանրապես, ինչպիսին է իրավիճակն այժմ այնտեղ։

– Իրաքյան Քուրդիստանը բազմամշակութային հանրույթ ունի, միշտ էլ այդպիսին է եղել։ Կան ասորիներ, քիլդանիներ, քրիստոնյաներ, կա փոքր հայկական համայնք։

– Նկատի ունեք հին հայկական համա՞յնքը՝ հենց Իրաքում։

– Այո, հին համայնքը Մոսուլից և այլ վայրերից։ Կան նաև եզդիներ, կրոնական այլ փոքրամասնություններ, որոնք վաղ ժամանակներից բնակվում են այստեղ։ Ես կասեի՝ բավական խաղաղ։ Կարծում եմ՝ նրանց խնդիրները Իրաքում սկսվեցին 2003-ից, երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը։ Քրիստոնյաները թիրախի վերածվեցին հարավային ու կենտրոնական Իրաքում՝ Մոսուլում, Բաղդադում, Բասրայում։ Նրանք տնտեսապես ավելի ակտիվ էին, բարեկեցիկ, ընդ որում՝ զինված խմբեր չունեին, այդ պատճառով էլ թիրախի վերածվեցին նրանց համար, որոնք կա՛մ ուզում էին ոչնչացնել քրիստոնեությունը Իրաքում, կա՛մ տիրանալ քրիստոնյաների ունեցվածքին, առևանգել ու փրկագին պահանջել, և այլն։ Մյուս կողմից՝ քրդական կառավարությունը կարողացավ բարձր մակարդակի անվտանգություն ապահովել իր ղեկավարության տակ գտնվող տարածքում, ինչը հանգեցրեց փոքրամասնությունների մի մասի դեպի Քուրդիստան փախուստին և այստեղ հաստատվելուն։

– Նկատի ունեք անվտանգ տեղաշարժը դեպի Քուրդիստան։

– Այո, Էրբիլում կա քրիստոնյաներով բնակեցված մի թաղամաս, որը առաջ փոքր գյուղ էր, իսկ հիմա բավական մեծ թաղամաս Էրբիլի ծայրամասում։ Նման թաղամաս կա նաև Քաուա քաղաքի մոտ. այն նման է Բաղդադի, Մոսուլի հին քրիստոնեական թաղամասերին, և շատերը հիմնվեցին այնտեղ։

– Ինչո՞ւ մարդկանց ընտրությունը հենց Քուրդիստանի վրա կանգ առավ։

– Ինչո՞ւ: Որովհետև Քուրդիստանը ղեկավարվում է աշխարհիկ կուսակցությունների և ղեկավարների կողմից։ Նրանք չեն ցանկանում, որ բնակչության մի մասի նկատմամբ խտրականություն դրսևորվի։ Կարծում եմ՝ երբ դու միջազգայնորեն չճանաչված քաղաքական սուբյեկտ ես, պետք է գտնես լեգիտիմության որոշ աղբյուրներ հզոր տերությունների աչքում, հիմնականում՝ արևմտյան երկրների:

Այն, որ Քուրդիստանն իր տարածքում հյուրընկալեց փոքրամասնություններին, երկիրը, այսպես ասած, դրեց քարտեզի վրա, թույլ տվեց Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին ունենալ կանոնավոր հանդիպումներ, օրինակ, Հռոմի պապի հետ, կամ լինել այն մարդը, որի հետ կարելի է խոսել, երբ խոսքը Իրաքում փոքրամասնությունների իրավիճակը գնահատելու մասին է:

Այսպիսով, սա նաև արտաքին քաղաքականության հարց է և ցանկություն՝ հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ։

– Ի՞նչ եք կարծում, փոքրամասնություններին աջակցելու Քուրդիստանի իշխանությունների ձգտումը օսմանյան համակարգի մնացո՞ւկ է, թե՞ պարզապես վերաբերմունք առանձին անհատների նկատմամբ, որոնք էթնիկապես տարբեր են, սակայն ինստիտուցիոնալ առումով որևէ համայնքի մաս չեն կազմում։

– Կարծում եմ, որ պատմությունը ծանրակշիռ դեր ունի այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին Քուրդիստանն է կամ ամբողջ Մերձավոր Արևելքը։ Այստեղ բավական բարդ է սկսել զրոյից՝ պատմական առումով, նկատի ունեմ «քաղաքացիության» այն պատկերացումներով, որոնք կան Եվրոպայում կամ Արևմուտքում։

Պատմական բեռ գոյություն ունի, մարդիկ բնականից հակված են նույնականացվել համայնքի հետ: Քուրդիստանը, ես կասեի, Մերձավոր Արևելքում նման է մոզաիկայի, իր բազմաթիվ համայնքներով, որոնք բնականաբար միմյանց հետ կապեր ունեն։ Այդուհանդերձ, այստեղ չափազանց բարդ է կառուցել «համընդհանուր քաղաքացիություն»՝ անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից։

– Անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից՝ իհարկե, ոչ։ Սակայն Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի նման երկրներում ես կարող եմ լինել ազգությամբ հայ և ներգրավվել կառավարման համակարգում, հասարակական ցանկացած կառույցի մեջ։ Օսմանյան շրջանում իմ տեղը իմ համայնքն էր, իմ «միլլեթը»։ Այս առումով, ինչպիսին է իրավիճակն այսօր Քուրդիստանում։ Ես Հյուսիսային Իրաքի անհատ իրաքցի՞ եմ, որը միաժամանակ հայ է։ Այդպե՞ս է։

– Ես կասեի՝ այո՛, դա այդպես է, այո՛։

– Այսինքն՝ խոսքը միայն համայնքի մասին չէ։

– Սա հասարակության փոփոխություն է: Կան պատմական կառուցվածքներ, որոնք շատ ուժեղ են իհարկե, սակայն կան նաև տեղաշարժեր։ Այժմ կրոնական փոքրամասնությունները, հիմնականում քրիստոնյաները, ներգրավված են քաղաքական գործընթացներում՝ հենց համայնքային այս կառույցների միջոցով։

Քրդական խորհրդարանում կա հինգ-վեց տեղ փոքրամասնությունների համար, կարող ես առաջադրվել այդ տեղերի համար, քանի որ փոքրամասնության ներկայացուցիչ ես։ Սակայն համոզված եմ՝ ապագայում իրավիճակը կարող է փոխվել, քանի որ եվրոպական, կամ արևմտյան, համընդհանուր քաղաքացիության մոդելը, այսպես թե այնպես, մուտք կգործի այս տարածաշրջան, չեմ կարող ասել՝ երբ։ Այդուհանդերձ, համայնքային այս կառուցվածքները շատ կարևոր են։

– Փոքրամասնությունների շուրջ քննարկումներում, այդ խմբերի առաջնորդները ո՞ր սերնդին են պատկանում՝ 30, 40, 50, թե՞ 50, 60, 70 տարեկան են։

– Կասեի՝ 50, 60, 70 տարեկան։

– Անչափ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչ տեղի կունենա, երբ սերնդափոխություն լինի, ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք խոսում էինք Ալան Քավալի հետ՝ Հյուսիսային Իրաքի, Իրաքյան Քուրդիստանի և փոքրամասնությունների ունեցած դերի մասին։

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել