«Հրանտ Դինք» միջազգային 5-րդ մրցանակը` «Շաբաթ օրվա մայրերին» և Նատաշա Կանդիչին

«Շաբաթ օրվա մայրեր» թուրքական խումբը սեպտեմբերի 15-ին` Հրանտ Դինքի ծննդյան օրը, Ստամբուլի Լյութֆի Քըրդար կենտրոնում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել է «Հրանտ Դինք» միջազգային հինգերորդ մրցանակով, որը շնորհում է համանուն հիմնադրամը, հաղորդում է «Ակօսի» կայքը:  «Շաբաթ օրվա մայրերը» վերջին 15 տարվա ընթացքում` ամեն շաբաթ օրը, հավաքվում են Ստամբուլում իրենց զոհված հարազատների հարցին հանրության ուշադրությունը գրավելու համար:

Մարդու իրավունքների պաշտպան, սերբ ակտիվիստ Նատաշա Կանդիչը նույնպես պարգևատրվել է «Հրանտ Դինք» մրցանակով իր երկրում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ փաստեր և ապացույցներ հավաքելու և արխիվացնելու համար:

«Շաբաթ օրվա մայրերը» հայտնի են բոլոր նրանց, ովքեր շաբաթ օրերը` առավոտյան, անցնում են Ստամբուլի Իսթիքլալ պողոտայով. կանայք հավաքվում են Գալաթասարայ հրապարակում իրենց հարազատների նկարներով, որոնք սպանվել են երկրի անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում կամ անհայտ հանգամանքներում տեղի ունեցած միջադեպերում, հատկապես 1990-ականների մութ օրերին, գրել է թուրքական Hurriyet Daily News-ը: Ամեն շաբաթ սպանվածների երկու կամ երեք հարազատներ բանաստեղծություններ են ընթերցում իրենց ընտանիքի անդամների հիշատակին. բոլոր ցանկացողները կարող են միանալ այդ ակցիաներին` զոհվածներից մեկի նկարը պահելով:

Հանիմ Թոսունը, Իքբալ Էրենն ու Էմինե Օչակը, որոնք այդ ցույցերի առաջամարտիկներն էին, սեպտեմբերի 15-ի հանդիսավոր արարողության ժամանակ «Շաբաթ օրվա մայրերի» անունից ստացել են մրցանակը:

Նատաշա Կանդիչն, ընդունելով մրցանակը, ասել է, որ հպարտ է ստանալ Հրանտ Դինքի անունը կրող նշանակալի այդ մրցանակը:

«Առանց կարեկցանքի չի կարող խաղաղություն լինել», – ասել է Կանդիչը:

«Հրանտ Դինք» մրցանակն ամեն տարի շնորհվում է Թուրքիայի ներսում կամ դրանից դուրս երկու անձանց, խմբերի կամ կազմակերպությունների, որոնք պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, իրենց իդեալների համար վտանգում են իրենց կյանքը, խոսում են խաղաղության լեզվով` այսպիսով ոգեշնչելով և խրախուսելով ուրիշներին: Այս մրցանակով «Հրանտ Դինք» հիմնադրամը նպատակ ունի հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց իդեալների համար, որ նրանց ձայները լսված են, աշխատանքը տեսանելի է, և նրանք միայնակ չեն: