ՄԱԿ-ը հաստատել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը

Սիրիայում քիմիական զենքը կիրառվել է բավական մեծ ծավալներով, ասված է ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցում, որը հրապարակվել է այսօր` սեպտեմբերի 16-ին, հաղորդում է BBC-ն: Նրանք հաստատել են Դամասկոսի մերձակա Ղուտա բնակավայրում օգոսոտոսի 21-ին քիմիական զենքի կիրառման փաստը:

Խոսքը մասնավորապես թունավոր զարին գազի մասին է, որը հայտնաբերվել է զոհերի շուրջ 95%-ի մոտ, ինչպես նաև Ղուտայի շրջակայքում հայտնաբերված հրթիռների մնացորդներում:

Ընդ որում` զեկույցի համաձայն` քիմիական զենք կիրառվել է քաղաքացիական բնակչության, այդ թվում` երեխաների նկատմամբ: ՄԱԿ-ի փորձագետները ուսումնասիրություններ են անցկացրել օգոստոսի 26-ից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Անվտանգության խորհրդի այսօրվա փակ նիստում հայտարարել է, որ փորձագետների կողմից քիմիական զենքի կիրառման մասին փաստերը սպառիչ են և անվիճելի: «ՄԱԿ-ի առաքելությունը միանշանակ և օբյետիվորեն հաստատել է, որ Սիրիայում կիրառվել է քիմիական զենք», -ասել է Կի Մունը:

Նրա խոսքով` քիմիկան զենքի կիրառումը ռազմական հանցագործություն է, և հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է նաև, որ մտադիր է սեպտեմբերի 28-ին հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ու սահմանել Սիրիայի հարցով խաղաղ հաջորդ համաժողովի` Ժնև-2-ի ժամկետը:

Նա Դամասկոսին կոչ է արել ինքնակամ կատարել պարտավորությունները, որոնք ստանձնել է սեպտեմբերի 14-ին` միանալով Քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիային:

Զեկույցն ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ պետություններին:

Հիշեցնենք, որ Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին սիրիական զորքերի կողմից Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի մասշտաբային կիրառման մասին: Տեղեկատվությունը չհաստատվեց, սակայն սկիզբ դրեց Արևմուտքի կողմից ռազմական միջամտության վերաբերյալ բաց խոսակցություններին: