Հայաստանը ողջունում է սիրիական քիմիական զենքի վերաբերյալ առաջարկությունները

Հայաստանը ողջունում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքն ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի մոտեցումը սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ:

«Հայաստանը ողջունում է Ժնևում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն»,- ասված է Տիգրան Բալայանի պատասխանում:

Մեկնաբանել