Վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունն ակտիվացել է. Էդվարդ Նալբանդյան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ: 

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է և այդ գործընթացում լուրջ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանականները։ Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր լրացուցիչ խթան է հանդիսանում երկու երկրների միջև փոխըմբռնումը զարգացնելու և կապերն ամրապնդելու գործում։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մայիսին իր կատարած այցը Միացյալ Թագավորություն և դրա շրջանակում հանդիպումները բրիտանական խորհրդարանում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ բրիտանացի խորհրդարանականները ընդգծել են, որ շարունակելու են ջանքերը՝ երկու երկրների միջև բարեկամական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի։ Հյուրերի խնդրանքով` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրագործվող ջանքերը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցեր։