Թուրքական կործանիչները ոչնչացրել են սիրիական ռազմական ուղղաթիռը

Թուրքական կործանիչները սեպտեմբերի 16-ին հարվածել են Թուրքիայի օդային սահմանը հատած սիրիական ռազմական МИ-17 ուղղաթիռին: Նկատելով, որ սիրիական մարտական ուղղաթիռը մուտք է գործել Թուրքիայի Հաթայի նահանգի Յայլադաղ շրջան, թուրքական F-16 երկու կործանիչներ օդ են բարձրացել և ոչնչացրել սիրիական մարտական ուղղաթիռը: Այս լուրը հաստատել է ինչպես Թուրքիայի գլխավոր շտաբը, այնպես էլ կառավարությունը: Ավելին, պաշտոնական Անկարան արդեն հասցրել է այս մասին իրազեկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` ընդգծելով, թե սիրիական կողմն անուշադրության է մատնել օդային սահմանը խախտելու մասին Թուրքիայի զգուշացումները:

Սիրիայի զինուժի գլխավոր շտաբն այս կապակցությամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` հաստատելով, որ МИ-17-ը ոչնչացվել է թուրքական կործանիչների կողմից:  Հայտարարության մեջ նշվում է, որ ռազմական ուղղաթիռը, որը հետևում էր Թուրքիայից Սիրիա մուտք գործող ահաբեկիչներին, տեխնիկական սխալի պատճառով կարճ ժամանակով հատել է Թուրքիայի սահմանը:  

Սիրիական ինքնաթիռը փորձել է հետ վերադառնալ, սակայն թուրքական կործանիչները հասցրել են հարվածել: Սիրիական կողմի համաձայն` թուրքական կործանիչները МИ-17-ը ոչնչացրել են արդեն Սիրիայի տարածքում: Թուրքական կողմն էլ հաստատել է, որ МИ-17-ն ընկել է Սիրիայի տարածքում` Թուրքիայի սահմանից մեկ կմ հեռավորության վրա:

Սիրիան մեղադրել է Թուրքիային «շտապողականության» մեջ` նշելով, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նպատակ ունի մեծացնել Սիրիայի նկատմամբ ճնշումը և անկայունացնել թուրք-սիրիական սահմանը:

Վերջին շրջանում Թուրքիան մեծ քանակի զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանին: Անկարան Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու ակտիվ կողմնակիցն է: Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի սկզբից ի վեր Թուրքիան օժանդակում է սիրիական ընդդիմությանը: