Մահացել է բարերար Ջերարդ Գաֆեսճյանը

Մահացել է հայտնի գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:

Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925թ. ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Միացյալ Նահանգների Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերում: Զորացրվելուց հետո ավարտել է Նյու Յորքի Hunter քոլեջը` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան:

1952թ. աշխատանքի է անցել West Publishing ընկերությունում, որտեղ աշխատել է որպես խմբագիր: West Publishing-ում անցկացրած 44 տարիների ընթացքում Գաֆեսճյանի շնորհիվ ընկերության աշխատակիցների թիվը 2 հազ-ից դարձել է 6,5 հազ.:  Հաջողությամբ հիմնել և ղեկավարել է West Art and Law-ն, որի համար ստացել է հեղինակավոր Business and Arts մրցանակը: 1996-ի հունիսին Գաֆեսճյանը վաճառել է West Publishing-ի իր բաժնետոմսերը: Կարճ ժամանակ անց նա հեռացել է West Publishing-ից:

Գաֆեսճյանն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ներդրումներ կատարելով և բարեգործական ծրագրեր իրականացնելով: 1996թ. Գաֆեսճյանը հիմնել է «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը»: Հիմնադրամի նպատակն է ապահովել հայերի բարեկեցությունը: Գաֆեսճյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամում»` նպատակ ունենալով աջակցել հայերին և հայկական հարցին: Ջերարդ Գաֆեսճյանը ամուսնացած է Կլեոյի հետ, որին հանդիպել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Գաֆեսճյանները ունեն երկու զավակ` Քեթլինը և Թոմասը, թոռ` Քերին, և երկու ծոռ` Սամուելը և Էլին:

Գաֆեսճյանը Նյու Յորքի իրավաբանների միության, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի իրավաբանների միության, Սամոայի գերագույն դատարանի անդամ էր: