Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակում գաղտնալսող սարքի հայտնաբերումից հետո մեկ այլ լրտեսական սարք է գտնվել կառավարությանը կից գործող Արտասահմանում բնակվող թուրքերի վարչության գրասենյակում: Ինչպես հաղորդում է Türkiye թերթի թղթակից Արզու Յըլդըզը, Արտասահմանում բնակվող թուրքերի վարչության գրասենյակում գաղտնալսող սարքը հայտնաբերվել է մոտ 8 ամիս առաջ:
Դրանից հետո թուրքական անվտանգության ծառայությունը գործի է անցել` պարզելու կառավարության տարբեր հիմնարկներում լրտեսական սարքեր տեղադրողի ինքնությունը: Պարզվել է, որ կառավարությունում գաղտնալսող սարքեր տեղադրողները Թուրքիայի վարչապետի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երկու կին անդամներն են: Այժմ նրանց անունները գաղտնի են պահվում, թեև նշվում է, որ նրանք կուսակցության հնաբնակներից են և նույնիսկ 2001-ին մասնակցել են ԱԶԿ-ի հիմնադիր համագումարին:
Անկարայի հանրապետական դատախազությունն այս կանանց նկատմամբ դատական գործ է հարուցել: Թուրքական անվտանգության ուժերը սկսել են գաղտնալսել և հետևել կանանց քայլերին: Պարզ է դարձել, որ նրանք հանդիպում են Իրանի մի քաղաքացու հետ և նրան տեղեկություններ տրամադրում: Ըստ աղբյուրի` նրանք Իրանին հետախուզական տեղեկություններ են փոխանցել:
Հայտնի է դարձել է նաև, որ վերոնշյալ կանայք գաղտնալսող սարքեր են տեղադրել նաև պաշտոնական այլ հիմնարկներում և կարգադրություն են ունեցել հետևել թուրք նախարարներից մեկին:
Թուրքիայում մեծ աղմուկ էին բարձրացրել տարածված լուրերն այն մասին, որ Էրդողանի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել: