Հրանտ Դինքի ընտանիքը չի մասնակցի գործի վերաքննությանը

Սեպտեմբերի 17-ին վերսկսվում է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի քննությունը, սակայն վերջինիս ընտանիքը չի ցանկանում մասնակցել դատավարությունը, գրում է թուրքական Radikal թերթը:

«Մեզ ծաղրող պետական մեխանիզմի ձեռքում չենք ուզում գործիք դառնալ և չենք ցանկանում մասնակցել վերսկսվող դատավարությանը»,- պարզաբանել են Դինքի ընտանիքի անդամները:

Radikal-ին տված ընդարձակ հարցազրույցում նրանք նշել են, որ դատարանն իրենց ծաղրեց, չհարցաքննեց «Էրգենեկոնի» գործով կալանավորվածներին, իսկ ամենամեծ ծաղրն այն էր, որ հայտարարեց, թե սպանության հետևում որևէ հանցավոր կազմակերպություն կանգնած չէ:

Դինքի ընտանիքի անդամները նշել են նաև, որ թուրքական պետությունը քաղաքական կամք չդրսևորեց, չկատարեց հանրությանը տված իր խոստումը: Ընդհակառակը` Դինքի սպանությանը մասնակցած մարդիկ պաշտոնի բարձրացում ունեցան և դարձան նահանգապետ, նախարար, պատգամավոր, օմբուդսմեն և այլն:

Այդուհանդերձ, Դինքի ընտանիքի անդամները շեշտել են, որ շարունակելու են պայքարն արդարության համար, և իրենց հուսադրող միակ բանն այն է, որ հանրության մի ստվար հատված դատապարտում է Դինքի սպանությունը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: 5 տարի ընթացող դատավարությունից հետո` 2012թ. հունվարի 17-ին, հրապարակվեց դատավճիռը: Որոշման համաձայն` թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն ավելի վաղ դատապարտվել էր 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար։ Սակայն 2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը չեղյալ հայտարարեց Դինքի գործով դատավճիռը:

Մեկնաբանել