Կառավարությունը կորցնում է լավատեսությունը

Երկու ամսում գործադիրը 2014թ. անվանական ՀՆԱ-ի ծավալի մասով իր կանխատեսումները նվազեցրել է Դ126 մլրդ-ով կամ 2,6%-ով։

Գործադիրը 2014թ. համար Դ126 մլրդ-ով նվազեցրել է հարկային բազայի նախորդ կանխատեսումները, թեև ծրագրում է պետբյուջեի հարկային մուտքերն ավելացնել Դ110 մլրդ-ով։ Միջոցների զգալի մասը կհավաքագրվի հարկային վարչարարության և հարկային բեռի ավելացման ճանապարհով։

Հուլիսի 4-ին կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում» ամրագրված է, որ գալիք տարում անվանական ՀՆԱ-ն կկազմի Դ4,85 տրլն։ Սեպտեմբերի 13-ին հաստատված «ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակով» փաստաթղթում ցուցանիշը նվազեցվել է մինչև Դ4,724 տրլն։ Փաստացի, երկու ամսում գործադիրը անվանական ՀՆԱ-ի ծավալի մասով իր կանխատեսումները վերանայել է Դ126 մլրդ-ով կամ 2,6%-ով։

Թեև պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների մասին փաստաթղթում դեռևս նշված չէ կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը, հասկանալի է, որ անվանական ՀՆԱ-ի կանխատեսման նվազեցումը բերելու է նաև տնտեսական աճի ցուցանիշի վերանայման, եթե, իհարկե, կառավարությունը արհեստականորեն չիջեցնի ինդեքս դեֆլյատորը։

Միջնաժամկետ ծախսային ծրագրում կառավարությունը 2014թ. համար ամրագրել է 6,3% տնտեսական աճ և 103,2% ինդեքս դեֆլատոր։ Հաշվի առնելով այս տարվա երկրորդ կիսամյակում գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, բարձր գնաճային ֆոն պետք է ակնկալել նաև գալիք տարվա առաջին կիսամյակում։ Սա նշանակում է, որ ինդեքս դեֆլյատորը 2014-ին օբյեկտիվորեն չի կարող ցածր լինել նշված ցուցանիշից։

Թեև կառավարությունը նվազեցրել է անվանական ՀՆԱ-ի ծավալը, հարկային մուտքերը պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների փաստաթղթում մնացել են նույն մակարդակում, ինչ միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ Դ1,103 տրլն։ Այլ հավասար պայմաններում Դ126 մլրդ-ով անվանական ՀՆԱ-ի նվազեցումը պետք է հանգեցներ հարկային եկամուտների վերանայման մոտ Դ29 մլրդ-ով (հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2014թ. համար կանխատեսվել է 22,75%)։ Խնդրին այն է, որ հարկման բազային կրճատումը հանգեցնում է հարկերի մուտքերի նվազման։

Չի բացառվում, որ բազայի նվազեցման պայմաններում հարկային մուտքերի անփոփոխ մակարդակն էր այն պատճառը, որ սեպտեմբերի 13-ի կառավարության նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը չհամաձայնեց ֆինանսների նախարարության ներկայացված հաշվարկների հետ և նշեց, որ հարկային մուտքերի առումով ՊԵԿ-ի և ֆիննախի կանխատեսվող ցուցանիշներն էապես տարբերվում են։

Առայժմ պարզ չէ, թե ինչպես է պատրաստվում կառավարությունը ապահովել այդ Դ29 մլրդ-ի հավաքագրումը։ Չի բացառվում, որ խնդիրը լուծվի «հարկային վարչարարության ճանապարհով»։

Ընդ որում, 2014թ. բյուջեի նախագծով ծրագրված է նաև հարկային մուտքերի ավելացում Դ110 մլրդ-ով՝ «հարկման բազայի և հարկային վարչարարության միջոցով»։ Հարկային բազայի նվազեցման պայմաններում այս գումարից, ըստ հաշվարկների, Դ71 մլրդ-ը բաժին կընկնի հարկային վարչարարությանը։ Ամենայն հավանականությամբ վարչարարությունն ուղղված կլինի ստվերի կրճատմանը և օրենսդրական ճանապարհով հարկային բեռի ավելացմանը։

Մեկնաբանել