ՀՅԴ-ն ներկայացրել է արտագաղթի կասեցման իր ծրագիրը

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը մշակել է արտագաղթի կասեցման ծրագիր` «Մենք ապրելու ենք մեր երկրում» խորագրով. սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը` ներկայացնելով ծրագիրը:

«Մենք արտագաղթի այնպիսի տեմպեր ենք արձանագրել, որ դրա օր առաջ կասեցումը, դանդաղեցումը անհրաժեշտություն է դարձել ապագայի, երկրի հեռանկարի համար»,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկումներ և հետազոտություններ են իրականացվում այդ ոլորտում:

«Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի ղեկավար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այն ոչ թե կուսակցական, այլ ազգային ծրագրի կարգավիճակ պետք է ստանա: Նա հույս հայտեց, որ պետական և ոչ պետական մարմինները` այդ թվում իշխանությունը, ընդդիմությունը, եկեղեցին, լրագրողները, կմիանան ծրագրին, և առաջիկայում հնարավոր կլինի քննարկումներ կազմակերպել այդ մարմինների հետ:

Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ այն կազմված է 11 ուղություններից, որոնք վերաբերում են կենսական բոլոր ոլորտներին, այդ թվում` կադրային քաղաքականությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արդարացի վարձատրությանը, կրթության վերաբերյալ պահանջի փոփոխությանը, ագրարային ոլորտին, առողջապահական ոլորտին, արդարադատության համակարգին, վերաբնակեցման ծրագրին, բիզնեսի ու քաղաքականության տարանջատմանը և այլն:

Հարցին, թե ինչպես են նրանք պատրաստվում իշխանական մարմիններին մասնակից դարձնել այս ծրագրին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ եթե քաղաքացիական հասարակությունը համախմբվի, ապա իշխանությունը ստիպված կլինեն իրականացնել այն:

«Իշխանություններն էլ են արդեն հասկանում, որ եթե այսպես շարունակվի, ապա երկիրը վերջնականապես արյունաքամ կլինի, և կգնա ինքնաոչնչացման»,- նկատեց Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանել