Մնաս բարով, իմ Հայաստան

Հայաստանը զրկվում է անկախությունից հենց մեր աչքերի առաջ, այն սերնդի, որը մեծացավ անկախ հայաստանում` դառնալով երևի թե ամբողջ Հայոց պատմության ընթացքում եղած այն միակ երջանիկ սերունդը, որն աշխարհը ճանաչեց միայն հայերենով, մասնագիտություն ձեռք բերեց` ֆիզիկոսի, մաթեմատիկոսի, կենսաբանի կամ մեկ այլ` կրկին հայերենով, մի սերունդ, որի համար բնական էր տեսնել Հայաստանի անունը, դրոշը բոլոր պետությունների շարքում և այլ կերպ չէր էլ պատկերացնում իրերի բնականոն դասավորվածությունը, բայց, ավաղ, մի բան լավ չէր հաշվարկված. չէ՞ որ որքան էլ անբնական է (առավել ևս անտրամաբանական), առ այսօր Հայաստանում իշխում են մարդիկ, որոնք իրենց տեսակով, աշխարհընկալմամբ, աշխատելաոճով և որ ամենակարևորն է` անցյալով և կենսագրությամբ, պատկանում են անցած սովետական հասարակարգին:

Ակամայից հիշեցի մի գիտնականի, որը շատ խորը ապացուցում էր, որ Երկրագնդի վրա ապրում է 2 տեսակի մարդ` 1. նորմալ մարդը, 2. նախկին խորհրդային միության պարտիականը: Իսկ վերջին իրադարձություններն էլ ինձ ստիպեցին, որ արդեն առարկայորեն հասկանամ այս մարդուն և հատկապես այն հեռատես վրացի օրենսդիրներին, որոնք ընդունեցին օրենք-խարտիա, ըստ որի` այն անձը, որը սովետական շրջանում զբաղեցրել է որևէ պաշտոն կամ եղել է պարտիական, ապա չի կարող աշխատել ներկա Վրաստանի Հանարապետության որևէ պետական կառույցում, բնականաբար` խոսքն առավել ևս վերաբերում է  պետական բոլոր մարմիններին, պատգամավորներին, վարչապետին և նախագահին: Առաջին հայացքից անհասկանալի այս օրենքն իրականում չափից դուրս կարևոր է, եթե չասենք կենսական նշանակություն ունի ցանկացած սուվերեն պետության համար, փաստորեն ապահովվում է երկրի անվտանգությունը` պաշտպանելով պետությունը այդ, այսպես կոչված, հոմոսովետիկուսներից, որոնք  ակամայից իրենց ամբողջ գործունեությամբ և աշխատելաոճով վտանգ են ներկայացնում երկրի անկախության, պետական լեզվի, և առհասարակ օրենքների կիրառման և պահպանման գործում ու ակամայից դառնում են յուրատեսակ գործակալ, որոնք ամեն ինչ անում են` ստորադասելով սեփական պետության շահերը հոգուտ այժմյան պուտինական Ռուսաստանի:

Պատկերացրու մարդ, որն իր աշխատելաոճը ձևավորել է մի համակարգում, որտեղ ղեկավարությունը պետք է ստի, բոլորը աշխատեն ձևացնել, որ աշխատում են, քծնեն, որ մի օր էլ իրենք ղեկավարեն, տեղն եկած դեպքում անտեղի պախարակեն, իսկ պետությունն էլ համարեն մի հարուստ թշնամի, որից ինչքան գռփեն, այնքան ապրեն:

Ցավոք, երիցս ցավոք, մենք` անկախության մեջ մեծացածներս, չհասցրեցինք տեր կանգնել մեր երկրին և սրբության պես պահպանել Հայաստանի անկախությունը: Մեր երկրի իշխանությունը` սկսած երկրի նախագահությունից, դեռ գտնվում է նախկին պարտիական կոմունիստների կամ ավելի դիպուկ` հոմոսովետիկուսների վերջին մոհիկանների ձեռքում, և ի դժբախտություն մեզ (ինչպես շատ հաճախ նման դեպքերում լինում է)`  հեռանալուց առաջ ուզում են անել իրենց կործանիչ գործը` հենց այդ նույն սովետական ոճով. այն է` Հայաստանը թաքուն ուզում են մտցնել Մաքսային, այնուհետև` Եվրասիական միություններ` դրանով իսկ վերացնելով երկրի անկախությունը և համահունչ դարձնելով իրենց կախյալ էությանը: Ափսոս, ընդամենը 10-15 տարի, և այդ սերունդը արդեն տարիքի պատճառով ակամայից կհեռանար քաղաքական դաշտից…

Հ.Գ. Պատկերացնենք դրամի փոխարեն ռուբլի, ռուսախոսների գերիշխանություն, ինչը ծիծաղելի է` հաշվի առնելով Ռուսաստանի ու ռուսերենի աննշանությունն ու նույնացումը հետամնացության ու սովետականության հետ, կամ ամեն տեսակ համաշխարհային երևույթներին անհաս, սահմանափակ ինֆորմացիոն դաշտ, անտեղյակ այն զզվանքին, որ զգում են աշխարհի բոլոր նորմալ մարդիկ ռուսական սոցիալական-քաղաքական-մշակութային խոր դեգրադացիայի հանդեպ, և այս ամենի արդյունքում բնակչություն` ահագնացող չափերով արտագաղթած, կոռուպցիայի մեջ խեղդվող: Ի դեպ, այսքանից հետո Արցախի հարցն էլ անիմաստ դարձած, և որ ամենասարսափելին է` այս անհասկանալի միությունը շատ արագ կքանդվի, քանի որ փուչ է, անհիմն ու թույլ, սակայն, ցավոք սրտի, կարող է Երկիր մոլորակից անհետանալ և համալրել ռուսների շարքը ևս մի ազգ, ինչպես ալանները, թաթարները, ինգուշները, չեչենները, դաղստանցիները և շատ ու շատ այլ ազգեր, որոնք խոսում են ռուսերեն, ներառված են Ռուսաստանի կազմում և գրեթե չունեն ազգային գիտակցում, իհարկե բացի անվանումներից: Ափսոս, շատ ափսոս, որ կարող է Ռուսաստանի վերածվել ևս մի երկիր, որը կհիշեն միայն պատմության դասագրքերում և կասեն` այդ երկիրը կոչում էին Արմենիա, որը ուներ հինավուրց մշակույթ, լեզու, յուրահատուկ այբուբեն, կրոն, և որ նրա ողբերգության պատճառը, ամենևին էլ թուրքերը, պարսիկները կամ ռուսները չէին, այլ  ընդամենը մի խումբ մարդիկ, որոնք սխալմամբ ղեկավարում էին այդ երկիրը, որի Սահմանդրության հետ իրենց էությունը չուներ ընդհանրություններ…                                                            

Մնաս բարով, իմ Հայաստան:          

Առնո Կուռ Դիզայներ-Տառանկարիչ