Դինքը` Թուրքիայի Մարտին Լյութեր Քինգ. Թաներ Աքչամ

Թուրք պատմաբան, հրապարակախոս Թաներ Աքչամը թուրքական Taraf թերթում  «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքին նվիրված հոդված է հրապարակել «Մեր Մարտին Լյութեր Քինգը» խորագրով:

Հոդվածագիրը Հրանտ Դինքին համեմատում է Մարտին Լյութեր Քինգի հետ, որը երկար տարիներ պայքարել է ԱՄՆ-ում սևամորթ բնակիչների իրավունքների  պաշտպանության և քաղաքացիության իրավունքի տրամադրման համար:

Աքչամը գրում է, որ ԱՄՆ-ում հունվարի երրորդ երկուշաբթի օրը նշվում է Մարտին Լյութեր Քինգի օրը` որպես ռասիզմի ու այլատյացության մերժման և հավասարության ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության օր:

Թուրք պատմաբանն այդպիսով առաջարկում է նշել Հրանտ Դինքի ծննդյան օրը (սեպտեմբերի 15) և այն Թուրքիայում հռչակել որպես այլատյացության, խտրականության մերժման և քաղաքացիության իրավունքի հիման վրա ազգային միության և միասնության օր:

Ավելին` Աքչամը «Մեր Մարտին Լյութեր Քինգը» հոդվածում նշում է, որ Թուրքիայում ուսումնական տարին պետք է մեկնարկի հենց Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին:  

Նկարագրելով Թուրքիայի ներկայիս դրությունը` Աքչամն այն համարում է ավտորիտար համակարգից ավելի ժողովրդավար հասարակարգի անցման ցավոտ ժամանակաշրջան: Այս փուլում, ըստ Աքչամի, Թուրքիային անհրաժեշտ են նոր խորհրդանիշներ, քանի որ հները հանրության մի հատվածինն են միայն դարձել, իսկ Հրանտ Դինքը Թուրքիայում քաղաքացիության հիմքի վրա ձևավորվող «նոր ազգի միասնության խորհրդանիշն ու շաղախն է»:

«Տարին 365 օր ունի. 364-ը պահեք ձեզ, մեկը տվեք Հրանտին»,- ամփոփում է հոդվածը Թաներ Աքչամը: