Փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակները կապամոնտաժվեն

Երևանի քաղաքապետարանում սեպտեմբերի 17-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապես իրականացված ծանուցումներից հետո համապատասխան քայլեր ձեռնարկել փոքր կենտրոնում առկա գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման ուղղությամբ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Կազմված ժամանակացույցով պետք է սկսենք փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Դրանցում պետք է ներգրավել պատկան բոլոր մարմիններին: Ապամոնտաժումներից հետո կարճ ժամկետում պետք է կազմակերպել նաև տարածքի բարեկարգումն ու պատշաճ տեսքի ապահովումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, գովազդային վահանակների ապամոնտաժումը պայմանավորված է վերջիններիս չափերով, քանի որ դրանք չեն համապատասխանում քաղաքային չափանիշներին: Քաղաքապետարանից հիշեցրին, որ համանման ապամոնտաժում տարիներ առաջ իրականացվել է նաև Մաշտոցի պողոտայում:

Խորհրդակցությանը էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքների մասով «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ տեղադրված 21 սարքավորումներից 19-ը գործարկված են: Առաջիկայում սպասվում է սարքավորումների հաջորդ խմբաքանակի ներկրումը:

Մեկնաբանել