Մաքսայինը խոչընդոտում է էլեկտրոնային առևտուրը

Տրանսպորտի և կապի նախարարությունում որոշել են զարգացնել էլեկտրոնային առևտուրը Հայաստանում։

Գործադիրը ցանկանում է Հայաստանում զարգացնել էլեկտրոնային առևտուրը։ Այս նպատակով տրանսպորտի և կապի նախարարությունը մշակել և կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության ու տեխնիկական հագեցվածության ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցի» որոշման նախագիծը։

Ըստ փաստաթղթի, Հայաստանում էլեկտրոնային առևտրի ծառայությունների բնագավառը զարգացած չէ, կանոնակարգված չեն ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության հետ կապված խնդիրները։ Բացի այդ՝ առևտրային գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան կենտրոնացված է միայն ֆիզիկական առևտրի վրա։ «Բացասական գործոն է հանդիսանում ինչպես մաքսային, այնպես էլ հարկային օրենսդրությունը, որն «ուղղված է» դեպի խոշոր ներմուծողների և արտահանողների իրավահարաբերությունների կարգավորմանը»,- նշված է նախարարության կողմից պատրաստված փաստաթղթում։

Նախարարությունում գտնում են, որ մաքսային միջնորդական (բրոքերային) և բեռների մշակման ծառայությունները կենտրոնացված են խոշոր ծավալների ներմուծման և արտահանման ուղղությամբ: Մինչդեռ պետք է կանոնակարգել նաև փոքր ծավալ ունեցող բեռների տեղափոխության խնդիրը՝ փոխելով ապրանքների ներմուծման և արտահանման գործող համակարգերը։ «Որպես կանոն, էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքի փոխադրումը իրականացվում է փոստային և սուրհանդակային ծառայություններով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ներդնել հատուկ մաքսային հայտարարագրեր, որի համար հիմք է հանդիսանում ապրանքի հաշիվ ապրանքագիրը»,- գտնում են տրանսպորտի և կապի նախարարությունում։

Փաստաթղթում նշվում է, որ էլեկտրոնային առևտրի զարգացումը խթանելու նպատակով Կենտրոնական բանկը բանակցություններ է սկսել PayPal ընկերության հետ՝ Հայաստանում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման շուրջ։ Ենթադրվում է, որ Հայաստանում հասանելի կլինի այս համակարգի միջոցով ոչ միայն գնումներ, այլև վաճառքներ իրականանցնելու ծառայությունը։

Որպես այլընտրանքային տարբերակ՝ բանակցային աշխատանքներ են տարվում քարտային որոշ համակարգերի (Visa, MasterCard) ներկայացուցիչների հետ՝ ինտերնետ միջավայրում սպասարկում իրականացնելու (էքվայրինգի) արտոնագիր ստանալու գործընթացները պարզեցնելու ուղղությամբ։ Ներկայում ինտերնետում սպասարկելու իրավասություն Հայաստանի տարածքում ունի մեկ առևտրային բանկ։

Ի դեպ, սեպտեմբերի 17-ին PayPal-ը հայտարարեց, որ Ռուսաստանում ներդրվում է համակարգի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթը (ապրանքների գնում և վաճառք)՝ ռուսական ռուբլով ու ռուսական բանկերի միջոցով։